Երևանի արտահերթ ընտրությունների օրը կորոշվի ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում կներառվի Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նախագիծը կներկայացվի նախարարական կոմիտե և կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում:
Նկատենք, որ իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ արդեն սեպտեմբերի 29-ին, երբ նշվի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, Երևանն ունենա քաղաքապետ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ավագանու ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, որպեսզի դրանից տասն օր անց էլ ավագանին իր կազմից ընտրի քաղաքապետին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]