211652_close_icon
views-count7175 դիտում article-date 12:00 08-08-2018

Վերականգնվում է Սյունիքի մարզի Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ համայնքներով անցնող կենսական նշանակության ճանապարհահատվածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում իրականացվում է մարզային նշանակության Մ2-Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի 13.76 կմ հատվածի վերանորոգումը։ Վերականգնվող ճանապարհը սկսվում է Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից, անցնում Դարբաս, Գետաթաղ, Լոր համայնքներով և հասնում մինչև Շենաթաղ համայնքի կենտրոնական մաս։ Վերականգնվելու են նաև համայնքների դպրոցներ, բուժկետեր, գյուղապետարաններ, մշակույթի տներ և հանրային այլ օբյեկտներ տանող մուտքերը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019-ի հունվարի 23-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերության պատասխանատուները խոստացան աշխատանքներն ավարտել պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ նոյեմբերին։ Ասֆալտապատումը կիրականացվի սեպտեմբերին։ Դարբասի բնակիչ Գևորգ Գրիգորյանը նշում է, որ իրենց գյուղի միջով անցնող ճանապարհը կառուցումից ի վեր ընդհանրապես չի վերանորոգվել։ «Վերջին անգամ ճանապարհը ասֆալտապատվել է 1985-86 թվականներին։ Այս վերականգնումը շատ բան կտա մեզ։ Մեքենաս չի փչանա, փոշին տունս չի լցվի, մարդիկ հանգիստ կգան-կգնան մեր գյուղ»,- ասում է Գևորգ Գրիգորյանը։ Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ մեկնած Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները դիտարկեցին նաև 2016- 2017թթ. ընթացքում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված՝ Սիսիան քաղաքով անցնող 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որն այժմ գտնվում է երաշխիքային սպասարկման փուլում։ Շինարարին հանձնարարվեց վերացնել հայտնաբերված թերությունները։ [b] «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր