211652_close_icon
views-count28068 դիտում article-date 22:31 02-08-2018

Եթե համարեք, որ մի տառ սխալ եմ գրել կամ լոպազության բերումով չափազանցրել եմ թքեք երեսիս. Լևոն Բարսեղյան

14 տարի Գյումրու թատրոն չէի գնացել: Նեղացել էի մեր թատրոնից, որ 2004 թվի մարտին իր տանիքը դարձրեց ընդդիմության հանրահավաքի մասնակիցների վրա քարեր ու ձվեր նետող կենդանիների պլացդարմ: Ցուցարարները արդարության հանրաքավե էին պահանջում: Հասկանալի էր, որ ռոբկական մենթերն էին սարքել իրենց ենթակա քրեականների հետ: Բայց կարեւոր հանգամանք էր այն, որ ոչ ոք թատրոնի տանիք չէ, նունիսկ դռնից ներց չէր կարող անցնել, եթե տնօրենը թույլ չտար: Թույլ էր տվել: Նախորդ տնօրենը, որի անունը տալ չեմ ուզում: Թույլ էր տվել ու մի 30 հոգի քարուփետով վերից կռիվ սադրեցին, հետո 6 հոգու դատեցին՝ նստեցրին, այդ թվում Աշոտ Զաքարյանին, Ա.Բազեյանի վարորդին եւ ուրիշների... Թատրոնի նոր տնօրեն Տիգրանը մի քանի անգամ առաջարկեց գալ ներկայացումները դիտելու ու այս պատմությունը պատմեցի իրեն: Ասացի եւ բազմիցս էի հայտարարել, որ թատրոնը հանրության դեմ հանցանք ունի գործած, պիտի ապաշխարհի: Ինչպե՞ս, դե գոնե ներողություն կխնդրի նախկին տնօրենի արածի համար: Հեղափոխության օրերին թատրոնը բեմադրեց «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որի առաջնախաղին զբաղված էի, բայց հիշեցի, որ թատերագետները առաջնախաղ ասում էին առաջին գոնե երեք ներկայացումներին, հանգուցյալ Մութաֆյանից էի հիշում: Ու կարծիք հայտնում էին միայն երրորդ խաղը նայելուց հետո: Ի դեպ լավ հնարք է, առաջին 2 ներկայացումներին նոր-նոր տեղն էր ընկնում խաղը, ռեպլիկները, միզանսցենները, իմպրովիզացիաներն են հղկվում դառնում դրվագ: Խաղի «մշակումը» կարող է երկար տեւել, բայց հենց առաջին եւ երկրորդ ներկայացումները իսկապես չարժե նայել: Կամ ես քյարթու եմ:) Տիգրանի հրավերն ընդունեցի, վերջապես եւ գնացի երրորդ խաղը նայելու: Դերասանների միջին եւ ավագ սերնդին լավ գիտեմ ու շատ վաղուց, երիտասարդներին չգիտեի՝ 14 տարի թատրոն չգնալու լավն ու վատը դա է (Ի դեպ, իմացա, որ «Անասնաֆերման» են ջահելները բեմադրում փոքր սրահում, սա արժե նայել, գնալու եմ): Չպատմեմ ներկայացման անցուդարձը: Բոլորը լավ խաղացին, ապրած խաղացին, ապրիլի պատերազմի օրերն էին խաղում, մեկ տարուց ավելի զիլ են խաղալու, արժե նորից դիտել: Անվանական չեմ կամենա շեշտել, բայց տպավորված եմ Սուսան Բաղդասարյանի, Անահիտ Քոչարյանի խաղով: Բեմադրողը գտել էր, լավ տեխնիկական լուծումներ, դեկորը՝ Գարեգինի փայլուն շնորհքի պտուղն էր, ջահելներն էին խոստումնալից: Կարելի է, ասել, որ ավելորդ հուզականություն կամ գերախաղ կար, կարելի էր որոշ դրվագներում ծանր խաղալ, բայց կամ ես եմ ծերանում կամ երեւի այդ էր ճիշտը: Դահլիճը լալիս էր: Դահլիճի լալը տեսել եմ նաեւ Ֆրունզի վերջին խաղերի ժամանակ Գյումրիում՝ «Հացագործին կինը», երբ ամբողջ դահլիճը լալիս էր: «Հարսանիք թիկունքում» ժամանակին է բեմադրվել, կյանքի կտոր է երկու իմաստով: Շնորհակալություն նաեւ Տիգրանին: Նաեւ՝ թատրոնի 2004 թվականի արածի համար հայտնած ափսոսանքի համար: Հարգելի թատերասեր հասարակություն, ուշադրություն, էն, որ ձեր թատրոնների մասին լսում եք՝ 50-րդ 80-րդ տո 90-րդ թատերաշրջան, իմացեք Գյումրու թատրոնինը 170-180-րդ թատերաշրջան է:) Սա մի այնպիսի առասպելական պատմություն է, որ պատկերացնել անհնար է ու դեռ պիտի գրվի, սա լիակատար աշխարհ է աշխարհի մեջ: Երեւի ձեզ թվաց, թե «լիակատարը» հենց այնպես հավայի ածական էր, որ օգտագործեցի: Այդպես չէ: Լիակատարն այն է, որ կարող է մարդ Գյումրու թատրոնում հղացվել, ծնվել, մեծանալ, ապրել, ամուսնանալ, թոռ ունենալ, մեռնել ու թաղվել թատրոնում ու գոհ մնալ հետագա իր բոլոր կյանքերում:Ճ Այնպես, որ երբ Գյումրի կգաք, պարտադիր թատրոն կերթաք: Եթե համարեք, որ մի տառ սխալ եմ գրել կամ լոպազության բերումով չափազանցրել եմ թքեք երեսիս: Պաչում եմ թատրոնի բոլոր աշխատողներին, վաստակավորներից ժողովրդականներից սկսած, հրշեջներով ու հավաքարարներով վերջացրած:)

Նմանատիպ նյութեր