211652_close_icon
views-count3822 դիտում article-date 20:54 01-08-2018

Հայաստանի բարձրագույն դատարանները արդեն կարող են Եվրադատարանից խորհրդատվական կարծիք խնդրել

Այսօրվանից Հայաստանի Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանությանը կամ կիրառմանը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29404890.html]«Ազատությունը»[/url]։ Համաձայն Եվրոպական դատարանի հաղորդագրության, դա հնարավոր է դարձել տասը անդամ երկրների կողմից ստորագրված և վավերացված՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից թիվ 16 Արձանագրության ուժի մեջ մտնելով: Հայաստանը փաստաթուղթը վավերացրել է անցած տարվա հունվարին: Արձանագրությունը վավերացրել են նաև Ալբանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Լիտվան, Սան Մարինոն, Սլովենիան և Ուկրաինան: Եվս տասը երկրներ՝ Իտալիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Հունաստանը, Թուրքիան, Սլովակիան, Ռումինիան, Անդորրան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, ստորագրել են փաստաթուղթը, սակայն դեռ չեն վավերացրել: Հաղորդագրությունում նշված է, որ Եվրադատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը ներառելու է պատճառները և պարտադիր ուժ չի ունենալու: Եվրադատարանը կարող է իր հայեցողությամբ բավարարել կարծիքի համար դիմումները կամ ոչ: «Թիվ 16 Արձանագրության ուժի մեջ մտնելը կամրապնդի երկխոսությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ազգային բարձրագույն դատարանների միջև: Սա հիմնարար քայլ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պատմության մեջ և նշանակալի զարգացում Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այն նաև նոր մարտահրավեր է մեր Դատարանի համար», - հայտարարել է Եվրադատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին:

Նմանատիպ նյութեր