211652_close_icon
views-count2164 դիտում article-date 18:10 01-08-2018

Հայաստանում ընթանում է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվում է հուլիսի 28-ին մեկնարկած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը: Տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն չափել են ուժերը երեք մրցաձևերում՝ ռազմամարզական «Ատլետ», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» և ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» անվանակարգերում: Մրցավարական կոլեգիան մրցույթի արդյունքներն ամփոփելու է բոլոր հինգ մրցաձևերում մրցելույթների ավարտից հետո՝ օգոստոսի 3-ին: Մրցավարները կհայտարարեն ինչպես ընդհանուր հաշվարկով, այնպես էլ առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած թիմերի ու լավագույն մարզիկ-զինծառայողների անունները: «Ընկերակցության մարտիկ» միջազգային ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է նաև մշակութային ծրագրերով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր: Մարզիկ-զինծառայողներն արդեն եղել են ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի ուշագրավ դրվագներին ու հաղթանակներին, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին, այցելել են Մատենադարան, որտեղ նրանց ներկայացվել է հայ մատենագրության նյութական ժառանգությունը: Մրցույթի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշտակին:

Նմանատիպ նյութեր