1583 դիտում
16:26 25-07-2018
Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը Նախիջևանի հատվածում. Դավիթ Տոնոյան
Հայկական զինված ուժերը արդեն միջոցներ են ձեռնարկել Նախիջևանի հատվածում Ադրբեջանի կողմից միջդիրքային տարածության կրճատելու ուղղությամբ: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառման ժամանակ լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տոնոյանի խոսքով` հայկական կողմը Նախիջևանում վերահսկում է իրավիճակը:
«Նախիջևանի հատվածում Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները`ամրացնելու իրենց դիրքերը, իսկ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի չեզոքացվեն այդ գործողությունները»,- նշեց Տոնոյանը:
«[url=https://armenpress.am/arm/news/941785.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև բանակում վերջին շրջանում գրանցված մահվան դեպքերին: Անդրադառնալով Եղեգնաձորում հուլիսի 24-ին զինծառայողի մահվան դեպքին՝ նախարարը նշեց, որ այն դժբախտ պատահար է եղել, իսկ Քարվաճառում տեղի ունեցածը` ալկոհոլի չարաշահման արդյունք:
«Եղեգնաձորում տեղի ունեցածը եղել է դժբախտ պատահար, առնվազն այս փուլում նախաքննությունը մեզ չի տալիս որևէ նշան կամ տեղեկություն, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների արդյունքում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդպիսի դեպք չկրկնվի, որովհետև դա կարգապահության, վարժվածության և պատրաստության խնդիր է: Քարվաճառի դեպքի առթիվ նախ պետք է (մարդկանց) գիտակցության վրա աշխատել, որպեսզի խմիչքը պայմանագրայինների մոտ չհայտնվի առաջնագծում: Այդ միջոցները իրականացվում են Ռազմական ոստիկանության կողմից, հրամանատարական կազմն էլ մեծ ուշադրություն է դարձնում դրա վրա: Պետք է բարձրացնել նաև կարգապահական մակարդակը»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Խոսելով ՊԲ հրամանատարի հայտարարության մասին, թե սահմանին իրավիճակը կարող է սրվել հատկապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ հայկական զինված ուժերն այդպիսի զարգացումների միշտ են սպասում:
«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- ասաց Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև բանակում առկա կոռուպցիոն ռիսկերին: Նախարարի խոսքով՝ ՊՆ-ում էլ են լինում բացահայտումներ ու աշխատանքից ազատման դեպքեր, սակայն նախարարությունն այդ ամենը լուսաբանման չի արժանացնում, որովհետև դրա կարիքը չկա:
«Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են եղել ձեռքբերումների հետ: Վստահեցնում եմ, որ դրանց բացահայտումը շարունակական գործընթաց է: Վարչապետն ու նոր կառավարությունը նշաձող են սահմանել, և այդ աշխատանքները իրականացվում են, ամենօրյա ռեժիմի մեջ կան պատժվողներ»,- ասաց Տոնոյանը:
Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ անկարգապահության, քրեական և կոռուպցիոն դրսևորումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով մեծ աշխատանք է տարվում նախարարությունում:
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
16:36 21-05-2023
Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Բախմուտի փոքր մասը․ Սիրսկի․ Unian
9975 դիտում
13:46 02-10-2015
Հայկական ուժերը կանխել են Նախիջևանի կողմից ադրբեջանական ուժերի ներթափանցման փորձը
Այս բաժնից
2530 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել