ՔՊ վարչության նիստն ավարտվեց. Երևանի ավագանու առաջին համարի թեկնածուի հարցում որոշում դեռևս չի կայացվել․ Tert.am
ՔՊ վարչության նիստն ավարտվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ որոշում է կուսակցությունը Երևանի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի վերաբերյալ կայացրել: Հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/24/QP-2/2750491]Tert.am[/url]-ը։
ՔՊ-ից ինքնաառաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս առաջին համարի թեկնածուի առաջադրման շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել:
«Դեռևս քննարկվում է, որևէ հայտարարի չենք եկել»,- ասաց նա և նշեց, որ ինքնաառաջադրված 4 թեկնածուներից բացի այլ թեկնածուներ չկան:
Իսկ թե ի վերջո դաշինքով ընտրություններին կմասնակցեն, թե միայն ՔՊ-ի թիմով, թե առանձին, Սիմոնյանն ասաց, որ այդ հարցը քննարկվում է:
Հիշեցնենք, որ ՔՊ–ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:
Թեկնածուներից մյուսը՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել են թեկնածուների ընդհանուր մոտեցումները Երևանի քաղաքային կառավարման հարցում, առաջարկությունները:
«ՔՊ վարչությունը ընթացակարգի համաձայն որոշումը կընդունի առաջին համարի թեկնածուի վերաբերյալ և կհրապարակվի»,- ասաց նա:
Նշեց, որ ինքը դեռևս ՔՊ անդամ չէ, բայց 2014թ-ից ՔՊ համախոհն է:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը որևէ թեկնածուի հարցով նախապատվություն ունի, Ղազարյանն ասաց, որ թեկնածուն պետք ընտրվի վարչության կողմից, փակ քվեարկությամբ:
Ինքնաառաջադրված թեկնածու Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր թեկնածուների առաջադրումները քննարկվել են, նրանցից երկուսը՝ Սրբուհի Ղազարյանը և Հայկ Մարությանը, ներկայացրել են իրենց ծրագրերը, հեռանկարները և այլն:
«Քանի որ դեռ գործընթացը չի ավարտվել, մինչև հուլիսի 27-ը հնարավորություն ունենք նոր հայտեր ներկայացնել, ընտրության հարցը դեռևս չի կայանա»,- ասաց նա և նշեց, որ հաջորդ նիստը հավանաբար կլինի արտահերթ:
Մանրամասն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/24/QP-2/2750491]սկզբնաղբյուր[/url] կայքում։