ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. գործադիր մարմինը 3 հարց է քննարկել եւ 3 որոշում կայացրել
ՀՀԿ ԳՄ հերթական նիստն ավարտվեց: Նիստի ավարտից հետո ԱԺ փախնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկուսակցական հարցերի հետ կապված քննարկվել է 3 հարց եւ Գործադիր մարմինը կայացրել է 3 որոշում:
Էդուարդ Շարմազանովի խոսքով` Գործադիր մարմինը որոշել է ստեղծել հիմնադիր քաղաքական դպրոց, ինչը ընդունված է: Առաջադեմ քաղաքական ուժերը մի շարք եվրոպական երկրներում ստեղծում են նման դպրոցներ: Քաղաքական դպրոցը կկրի ՀՀԿ-ի նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի անունը:
Որոշվել է նաեւ ստեղծել եւս մեկ հանձնաժողով՝ Արտաքին կապերի հանձնաժողով, որը ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու:
Իսկ երրորդ որոշումը վերաբերում է 2016թ.-ի աշնանը ՀՀԿ-ի հերթական համագումարին: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության ծրագիրը մշակվել եւ ընդունվել է 2006թ.—ին: Հետեւաբար, կուսակցությունը գտնում է, որ ծրագրում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` պետք է առաջարկներ ներկայացվեն: