16364 դիտում
15:57 24-07-2018
Մի՛ դարձրեք մեզ ՈՒՐԻՇ. բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին
Մի՛ դարձրեք մեզ ՈՒՐԻՇ։ Բակում երեխաների հետ խաղում էի մեծ հաճույքով, մանավանդ, երբ նրանք խմբով էին ինձ կանչում դրսում խաղալու, չնայած լավ գիտակցում էին, որ «Գետնից բարձր» կամ «Անուն-գոռոցի» խաղալու ժամանակ պիտի մի փոքր ավելի ուշադիր լինեին իմ նկատմամբ։ Այդպես ես սովորեցի խաղալ ընկերներիս հետ։
Գեթ մի պահ անգամ չէի կասկածում, որ դպրոցում ավելի լավ էր լինելու․ ավելի շատ ընկերներ, ավելի հետաքրքիր առօրյա` տառերը կսովորեմ, կմեծանամ ու պիտանի մարդ կդառնամ, չէ որ ես էլ նման եմ իմ բակի երեխաներին, որոնք դպրոց են գնում, չէ որ ես ՈՒՐԻՇ չեմ, չէ որ մի փոքր ուշադիր լինելն արդեն բավական է որպեսզի սովորեմ ՍՈՎՈՐԵԼ։
7 տարեկան էի, երբ 3 տարբեր դպրոցներում ինձ շատ «քաղաքավարի» բացատրեցին, որ ես սովորական դպրոց չեմ կարող հաճախել, որովհետև ես ՈՒՐԻՇ եմ, և իմ նմանների համար սովորելու ուրիշ հատուկ տեղեր կան։
Հաջորդ դպրոցում, որտեղ մայրս փորձեց իմ ընդունելության հարցը քննարկել տնօրենի հետ, վերջինս անգամ չցանկացավ մեզ բացատրել, թե ինչու ես իրավունք չունեմ սովորել նույն դպրոցում, որտեղ սովորում էր իմ ընկեր Արսենը։ Երբ հեռանում էինք այդ դպրոցից, մեջքիս հետևից լսեցի` «էս գլխացավանքներին մի տեղ պիտի հավաքեն ու հեռու պահեն մեր երեխեքից»:
11 տարեկան էի, երբ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջնորդությամբ ընդունվեցի Երևանի թիվ 27 միջնակարգ դպրոցը, որն այդ տարիներին ղեկավարում էր տիկին Անահիտ Բախշյանը։ Իրոք դժվար էր դպրոցում սովորելը, սակայն դժվար էր ոչ թե այն պատճառով, որ ես ունեի առողջական որոշ խնդիրներ, այլ բացի տառերից ու թվերից դպրոցում այնքա՜ն բան ունեի սովորելու։ Անկեղծ ասած`քիմիան մինչև վերջ էլ չսիրեցի:
Հիշում եմ`13 տարեկան էի, երբ մեր դասարան տեղափոխվեց մի աղջիկ, ով ուներ մտավոր խնդիրներ։ Աղջիկը, մինչ մեր դպրոց հաճախելը, հասցրել էր հաճախել ՈՒՐԻՇՆԵՐԻ համար դպրոց` հատուկ դպրոց։
Պատկերացում անգամ չունեի, թե ինչպես է նա սովորելու մեզ հետ, քանի որ նա հաճախ էր անհասկանալի վարքագիծ դրսևորում, չէր շփվում դասընկերների հետ, պատուհանից դուրս նետում կարմիր գրիչները, նեղանում ու հուզվում էր, երբ դասատուն մաքրում էր գրատախտակը ձախ ձեռքով և այլն:
Ծնողներն ասում էին, որ անհանգստանալու ոչինչ չկա, որ աղջիկը նման վարքագիծը ցուցաբերում էր նաև հատուկ դպրոցում:
Սակայն, 6 ամիս էլ չէր անցել, երբ նա սկսեց շփվել դասարանի բոլոր երեխաների հետ, պատասխանել դասերին, վարժ կարդալ ու գրել: Պարզապես դասարանում գաղտնի պայմանավորվածություն ունեինք` չենք օգտագործում կարմիր գրիչները, իսկ գրատախտակը մաքրելիս ուշադիր ենք լինում, որպեսզի օգտագործենք միայն աջ ձեռքը:
Դպրոցում սովորելու ընթացքում ամենակարևոր բանը, որ հասկացա այն էր, որ պետք չէ առողջական կամ սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին տարբերակել մյուսներից, քանի որ յուրաքանչյուրս էլ ունենք խնդիրներ, որոնք լուծվում են, երբ ընդամենը մի փոքր ուշադիր ենք լինում:
Հարգելի՛ պարոն Հարությունյան, գիտեմ ու գիտակցում եմ որ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում խնդիրները բազմազան են: Ունեցել եմ բազմաթիվ հարցազրույցներ, հետազոտություններ և հոդվածներ Հայաստանում ներառական կրթության որակի վերաբերյալ: Բայց խնդիրները հենց դրա համար են, որպեսզի լուծվեն: Այո, Ձեր նախորդներից Դուք ժառանգել եք ներառական կրթության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնց մեծ մասը, համոզված եմ, որ արհեստականորեն ստեղծել են նեխած մտածելակերպ ունեցող վարչության պետերը: Բայց հավատացեք, որ նույնիսկ անլուծելի թվացող խնդիրների լուծման համար պետք է պարզապես մի փոքր ավելի ուշադիր լինել: Հորդորում ենք Ձեզ եղե՛ք ուշադիր, եղե՛ք Ձեր նախարարության առողջ խնձորը, այլապես հարց է առաջանում, թե որն էր հեղափոխության իմաստը:
Եվ վերջում, ուզում եմ նշել, որ ես, հանդիսանալով «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը, յուրաքանչյուր օր յուրաքանչյուր երեխայի ծնողի հորդորում եմ ոչնչից չվախենալ և երեխային ուղարկել ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոց, որովհետև հաշմանդամություն ունեցող երեխաները ՈՒՐԻՇ չեն, որովհետև նրանք գլխացավանք չեն, ում կրթության իրավունքը կարելի է որոշ ժամանակ մոռանալ կամ հետաձգել: Մի՛դարձրեք մեզ ՈՒՐԻՇ․․․
Հարգանքներով՝
[b]Սերյոժա Օհանջանյան[/b]
Նմանատիպ նյութեր
47028 դիտում
09:51 29-06-2018
Գրում եմ, որովհետև վերացել է վախի մթնոլորտը. Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին
3768 դիտում
23:45 28-06-2018
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին
4088 դիտում
21:14 11-12-2019
Բաց նամակ և հարց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
637 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
946 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան