7165 դիտում
23:12 22-07-2018
Հովհաննես Հովհաննիսյան. Ընդունելությունը կազմակերպել վիճակահանությամբ, որը կապահովի հավասար մոտեցումը բոլոր դիմորդների համար
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
[b]Հաշվի առնելով այն մեծ հետաքրքրությունը, որ դրսևորվել է մեր համաքաղաքացիների կողմից Հայ-չինական բարեկամության դպրոցի կապակցությամբ՝ պարզաբանեմ մի քանի հարցեր:
[/b]
1. Դպրոցը ստեղծվել է նախկինում նույն տարածքում գործող 103 դպրոցի տարածքում և տվյալ դպրոցի աշակերտները պետք է տեղափոխվեն իրենց դպրոց:
2. Դպրոցը կարող է տեղավորել 605-610 աշակերտի: Եթե այս թվից հանում ենք 103 դպրոցում արդեն առկա աշակերտներին, ապա խոսքը գնում է մոտ 350 նոր աշակերտ ընդունելու մասին:
3. Դպրոցի իրավակազմակերպական ձևը լինելու է հիմնադրամ և ոչ ՊՈԱԿ, ունենալու է իր հոգաբարձուների խորհուրդը:
4. Այն սովորական հանրակրթական դպրոց է իր ծրագրերով, բացառությամբ միայն, որ դպրոցում լինելու է խորացված չինարեն լեզվի ուսուցում:
5. Դպրոցը չի տրամադրելու տրանսպորտ և սնունդ:
Այս օրերին դպրոցի 5-9 դասարաններում սովորելու համար դիմել են մոտ 700 աշակերտ, որի համար մենք կազմակերպեցինք հանդիպում ծնողների հետ, որտեղ ծնողները բարձրացրեցին իրենց մտահոգող բոլոր հարցերը ու ստացան պարզաբանումներ:
Հիմնական հարցը վերաբերում էր դպրոցի ընդունելությանը, քանի որ փաստ է, որ դպրոցը չի կարող ընդունել բոլոր դիմորդներին: ԿԳՆ հիմնական մոտեցումը հիմնված է սոցիալական հավասարության սկզբունքի պահպանման վրա, երբ բոլոր դիմորդները կունենան հավասար հնարավորություններ:
[b]Քննարկվեցին հիմնական հետևյալ տարբերակները:
[/b]
1. Ընդունելությունը կազմակերպել միջինացված գնահատականներով: Այս տարբերակը ընդունելի չէ, քանի որ հակասում է հանրակրթության մասին օրենքին ու խախտում է հավասարության սկզբունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր դպրոցներում միևնույն գնահատականը աշակերտները ստանում են ոչ նույն սկզբունքներով:
2. Առավելություն տալ նրան, ովքեր առաջինն են դիմել: Այս մոտեցումը նորից անհավասար հնարավորություններ կստեղծեր այն ծնողների համար, ովքեր այս կամ այն պատճառով իրեն գործերը հանձնել են ավելի ուշ: Օրինակ բերվեց սահմանում զինծառայողի ընտանիքը, ով հասցրել էր միայն նախավերջին օրը դիմել դպրոցի համար:
3. Դպրոցը կազմակերպել երկհերթ տարբերակով: Այս տարբերակը գործնականում հնարավոր չէ իրագործել, քանի որ Հայ-չինական բարեկամության դպրոցում դասարանները նախատեսված են միայն 15 աշակերտի համար, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պետբյուջեի համար, իսկ երկհերթ տարբերակը այդ ծանրաբեռնվածությունը ուղղակի կկրկնապատկի:
4. Առաջարկություն եղավ նաև առավելություն տալ արդեն չինարենի իմացությամբ աշակերտներին կամ անցկացնել հարցազրույց, ինչը մերժվեց այն պարզ պատճառով, որ դպրոցի նպատակը հենց չինարենի ուսուցումն է այդ լեզվին չտիրապետող աշակերտների համար, իսկ հարցազրույցը հիմք է տալու ծնողներին մեղադրելու ընդունող հանձնաժողովին սուբյեկտիվության մեջ:
5. Ընդունելությունը կազմակերպել վիճակահանությամբ, որը լիովին կապահովի հավասար մոտեցումը բոլոր դիմորդների համար: Վիճակահանությունը կանցկացվի ծնողների ներկայությամբ ու մասնակցությամբ: ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է դպրոցների էլիտարացումը չխթանելը և հավասար հնարավորությունների ստեղծումը բոլոր ՀՀ քաղաքացիների համար, որը հնարավոր է կատարել միայն պատահական ընտրանքով՝ բացառելով բոլոր տեսակի շահարկումներն ու սուբյեկտիվ վերաբերմունքը»:
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
22:19 11-08-2014
Մեկնարկել է բուհերում հեռակա ուսուցմամբ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը
1003 դիտում
11:26 28-08-2014
Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը. ԿԳՆ
730 դիտում
22:31 19-07-2022
Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 20-ից. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
922 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր
667 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը