ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի հետագա զարգացմանը․ Գուտերեշ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Այս մասին իրազեկում է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Գուտերեշը ընդգծել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով, և շեշտել է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը՝ երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում։
Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը, և վերահաստատել է երկրի նոր կառավարության մեծ շահագրգռվածությունը՝ է՛լ ավելի հարստացնելու համատեղ օրակարգը:
Արտահերթ ընտրությունների կամզակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում Մնացականյանն ընդգծել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ։ Գուտերեշը վերահաստատել է, որ այս առումով ևս Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։
Արտգործնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։