Ինչպես կհարթվի ՀՀ-ԵՄ դիվանագիտական «փոխհրաձգությունը»․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Կարծում եմ՝ Եվրամիության դիրքորոշումը նման իրավիճակներում շատ պարզ կերպով շարադրել է դեսպանը, դրանից ավելի ջերմ մոտեցում չէր կարող լինել: Եվրամիությունը բաց է քննարկումների համար: Բայց մինչ առաջարկները և կոնկրետ գործողությունները ԵՄ-ն, չիմանալով նաև այս իշխանության հավակնությունները, չի կարող որևէ բան առաջարկել, ուստի, կարծում եմ, որ առաջին հայտարարությունը ուղղված ԵՄ-ին, թյուրընկալում էր, կողմերը չէին հասկացել միմյանց: Ողջունում եմ, որ Կառավարությունը միանգամից կարողացավ արձագանքել և ասել, որ կլինեն առաջարկներ: Կարծում եմ՝ առաջարկների ներկայացումից հետո կսկսվի աշխատանք և ԵՄ-ի կողմից դիտարկում, թե ինչպիսի ծավալի աջակցություն կարող է տրամադրվել, քանի որ, որքան հասկանում եմ, խոսքը հավելյալ աջակցության մասին է, իսկ բոլոր ծրագրերն արդեն հաստատված են: Ուստի վերանայումների կարիք է առաջանալու, քանի որ այս կառավարությունը ցանկանում է բարեփոխումներ իրականացնել և միջոցներ ներգրավել, որոնք դուրս են ՀՀ-ԵՄ համաձայնագրից»,- «168 ժամի» հետ զրույցում ասաց եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին:
Նրա խոսքով ՀՀ-ԵՄ հարաբերություններում ճգնաժամ չկա: «Աշխատանքային գործընթաց է, ԵՄ-ն այս ամենը հենց այդպես էլ ընկալում է, ու այս խոսակցությունների արդյունքում ԵՄ-ն ստացավ ուղերձ, որ կլինեն առաջարկներ, ուստի ԵՄ-ն կսպասի այդ առաջարկներին»,- ասաց Չարնեցկին: Սակայն, ըստ նրա, դժվար է ասել, թե ինչ ծավալի աջակցություն կարող է ԵՄ-ն տրամադրել Հայաստանին, քանի որ ԵՄ-ն շատ լուրջ է վերաբերվում ֆինանսական աջակցության տրամադրման հարցերին ԵՄ-ի սուղ միջոցների պայմաններում: «Այնուամենայնիվ, վստահ եմ, որ ամենալավ լուծումը կգտնեն կողմերը»,- ասաց Չարնեցկին:
Վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցության տեսանկյունից մեծ դժվարությամբ է անցում կատարում մեկ այլ՝ ավելի ծախսատար փուլի: Սա, նրա բնորոշմամբ, երկկողմ հանձնառություն է՝ ծավալուն բարեփոխումներ, նվիրված աշխատանք այդ աջակցության դիմաց: «Վրաստանը նման շատ տարբեր փուլերի միջով է անցել, այդ աշխատանքը վերջին տարիներին երբեք չի դադարել, չի դադարել նաև Վրաստանի շարունակական աշխատանքը ԵՄ-ին ապացուցելու, որ Վրաստանն արժանի աշխատանք է իրականացնում այս կամ այն աջակցությունը ստանալու համար: Ուստի, կարծում եմ, որ ՀՀ նոր իշխանություններից ևս կպահանջվի այդ աշխատանքը հաջորդ փուլ տեղափոխել: Ժողովրդավարության անցումը երկար տքնաջան աշխատանք է, դա հասկանում են նաև ԵՄ-ում, հենց այդ պատճառով էլ ժամանակ են տալիս երկրներին խորապես գիտակցելու փոփոխությունները և հասնելու դրան: ԵՄ-ն այդքան պարզունակ կառույց չէ, որ հեղափոխությունից, իշխանափոխությունից անմիջապես հետո նոր իշխանություններին գումարներ խոստանա, ԵՄ-ի հետ աշխատանքը դանդաղ է, երկարատև, բայց արդյունավետ, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի, միանգամից չի լինելու»,- պարզաբանեց Գոգոլաշվիլին:
Նրա խոսքով՝ դրականն այն է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են բարեփոխումներ իրականացնել, որի համար ֆինանսական միջոցների կարիք է լինելու: «Ուրախալի նորություն է, որ փաստորեն նրանք տրամադրված են անել ավելին, քան նախատեսում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մենք՝ փորձագետներս, որակում էինք որպես բավականին ընդգրկուն, ծավալուն և լավ փաստաթուղթ: Ավելիի հանձնառությունն ուրախացնում է հատկապես Վրաստանին, որը Հայաստանի հարևանն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով, սակայն, աջակցության մեծ աճ, առանց քաղաքական հանձնառության, տրամաբանական չէ: Բայց հասկանալի է նաև, որ ԵՄ-ի ուղղությամբ ավելի մեծ հավակնություններ Հայաստանի Հանրապետությունը հայտնել դեռ չի կարող, քանի որ կան միջազգային այլ պարտավորություններ ևս»,- ասաց Գոգոլաշվիլին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]