4945 դիտում
19:20 18-07-2018
«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածների թերությունները վերացնելու համար մոնիթորինգ կանցկացվի
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի արդեն կառուցված հատվածների որակի հարցը պատասխանատու գերատեսչության ուշադրության առանցքում է: Այս մասին հուլիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
«Մենք հատուկ մոնիթորինգ ենք անցկացնելու ինչպես նախկին, այնպես էլ նոր առաջացած թերությունների նկատմամբ և հայտարարում եմ, որ շինարարը պատասխանատու է դրանք վերացնելու և, առհասարակ, ճանապարհի որակի համար»,- ասաց Աշոտ Հակոբյանը:
Այս հարցում նախարարը հատուկ ընդգծեց տեխնիկական հսկողությունն իրականացնող ինժեներական ընկերությունների դերը, որոնք, լինելով միջազգային հեղինակավոր ընկերություններ, պարտավոր են բավարար ջանքեր ներդնել բարձր որակ և աշխատանքի գոհացնող արդյունքներ արձանագրելու համար:
Որակի հետ կապված խնդիրների շարքում նախարար Հակոբյանն առանձնացրեց նաև ցեմենտի տեսակի շուրջ ծավալված քննարկումները: Նա նկատեց, որ Հայաստանը հասել է մի կարևոր արդյունքի, որ ծրագրում օգտագործվեն տեղական նյութերն ու աշխատուժը: Այդ իմաստով, նա կարևորեց փաստը, որ Տրանշ 2-ի շրջանակներում միայն շինարարության մեջ միջինում աշխատում են 380-400 մարդ, Տրանշ 3-ում` 300 մարդ: Շինարարության մեջ օգտագործվող նյութերի գերակշիռ մաս են կազմում տեղական նյութերը, մասնավորապես` ցեմենտը, արհեստական կառուցվածքների բետոնե կոնստրուկցիաները, խճաքարը, լիցքի նյութը, ավազը:
«Այնուամենայնիվ, օգտագործվող ցեմենտի հետ կապված Տրանշ 3-ի ինժեներից ստացել ենք որոշ մտահոգություններ, որոնք ներկայում ստուգվում են: Այդ նպատակով մենք դիմելու ենք աշխարհի լավագույն լաբորատորիաներին՝ մանրամասն հետազոտությունն իրականացնելու համար: Առհասարակ, մենք ցանկանում ենք լուրջ ուսումնասիրություններ անցկացնել կիրառված տեխնիկական և ինժեներական լուծումների համապատասխանությունը լրացուցիչ ստուգելու և համոզվելու համար` հետագայում հնարավոր թերությունները կանխարգելելու նպատակով»,- նշեց նախարարը:
Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է երկու խոշոր հատվածներ՝ Մ2՝ Երևան-Երասխ-Եղեգնաձոր-Մեղրի և Մ1՝ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհները և ճանապարհային ենթակառուցվածքները: Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորմամբ և բաժանված է առանձին տրանշների:
Ընդհանուր առմամբ՝ ծրագրի համար ներգրավվել են վարկային միջոցներ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, իսկ դրանից ծախսված գումարներն ավելի քան 222 միլիոն դոլար են, որից շինարարին տրված է կանխավճար` 56,5 միլիոն դոլար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
18:16 27-11-2024
ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների նորանշանակ դեսպանին
682 դիտում
18:04 27-11-2024
Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ
712 դիտում
17:07 27-11-2024
ՀՀ արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա