4967 դիտում
19:45 17-06-2016
Ստորագրվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների ընդունման վկայագիրը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում հունիսի 16-ին ստորագրվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների ընդունման վկայագիրը:
Փաստաթուղթը ստորագրեցին Ավարտված շինարարական օբյեկտները շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի կազմում են ՀՀ ֆինանսների, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ և հեղինակավոր մասնագետներ, ինչպես նաև՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» տնօրեն Արթուր Սարգսյանը, Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների տեխհսկողությունն ու ծրագրի կառավարումն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» կապալառու ընկերության Հայաստանի գրասենյակի ղեկավար Սանտիագո Ռոդրիգեսը և ճանապարհահատվածի որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ստորագրման արարողության մասնակիցներին շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի և մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար։ Կարևորելով կատարված աշխատանքների որակը, նա նշեց, որ ընդունման վկայագրի ստորագրումից հետո ուժի մեջ է մտնում մեկ տարի երաշխիքային ժամկետը: Եթե այդ ընթացքում հայտնաբերվեն թերություններ, շինարարը պարտավոր է առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու շտկել դրանք:
Նշենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Առաջին տրանշն ընդգրկում է Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհի 31 կմ ընդհանուր երկարությամբ հատվածները։
Ճանապարհահատվածի նախագծումն իրականացրել է ֆրանսիական «Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ» կազմակերպությունը։ Շինարարը՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն ԷսԱ»-ն է։
Ծրագրի կառավարման խորհրդատուն և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունը՝ ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն