Ինչ էր ԵՄ-ն սպասում Փաշինյանից. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել լուրջ ակնկալիքներով»,- մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան որոշ դիտարկումներին:
Ալեքսանդր Ռարն ասաց, որ ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել լուրջ ակնկալիքներով՝ հաշվի առնելով ԵՄ-ի նախկին հայտարարությունները, որ ԵՄ-ն աջակցում է ժողովրդավարացման գործընթացներին, իսկ նա վարչապետ է դարձել հեղափոխության արդյունքում, որը Բրյուսելը ողջունել է և որակել որպես ժողովրդավարական, եվրոպական գործընթաց:
Նրա գնահատմամբ՝ ինչ-որ առումով այդ սպասելիքներն արդարացված են, քանի որ Հայաստանը տեսել է, թե ինչպես են հովանավորել հեղափոխություններից հետո Վրաստանին և Ուկրաինային:
«Տարբերությունն այն է, որ հայաստանյան գործընթացը չունեցավ տեսանելի արտաքին քաղաքական կոնտեքստ, չհնչեցին կողմնորոշումներ փոխելու հայտարարություններ, ընդգծվեց, որ սա ներհայաստանյան պայքար էր, և արտաքին ճակատում ոչինչ չի փոխվում: Գուցե սա չի գոհացնում Եվրամիությանը: Բայց եթե ԵՄ-ն հայտարարում է, որ ժողովրդավարությանը կաջակցի, և ողջունում է այն ամենը, ինչ ՀՀ վարչապետն է անում, ուրեմն պետք է այլ կերպ արձագանքի»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Ռարը:
Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն նման կերպ չի վարվում, ուրեմն չունի դրա ռեսուրսը, կամ Հայաստանից այլ հռետորաբանություն էր ակնկալում:
«Հակված եմ կարծել, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը հաճախ է նշում, որ Հայաստանի հարաբերությունների բնույթը Ռուսաստանի հետ ոչ միայն չի փոխվելու, այլև է՛լ ավելի է խորանալու: Սրանով վարչապետը փորձում է այս հարցում տարակարծությունների և մոլորությունների հնարավորությունը վերացնել»,- ասաց նա: Ռարն այն կարծիքին է, որ Հայաստանը Եվրամիությունից չի ստանա այն մասշտաբի աջակցություն, ինչ Վրաստանն ու Ուկրաինան ստացան և ստանում են: «Բայց դա պայմանավորված է նաև ներքին, այդ թվում՝ ֆինանսական խնդիրներով: Որոշակի աջակցություն և ոչ քիչ կլինի, բայց դա, այնուամենայնիվ, համարժեք չի լինի այն աջակցությանը, որը ԵՄ-ն կպարտավորվեր այն դեպքում, եթե վստահ լիներ, որ Հայաստանը ճանապարհ է անցնելու ԵՄ-ի հետ»,- ասաց Ռարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]