1929 դիտում
13:59 16-07-2018
Հայաստանում սպասվող նախընտրական շրջանը չի կարող խոչընդոտել բանակցային գործընթացը շարունակելուն. Տիգրան Բալայան
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Վերջինս հիշեցրեց, որ այցը կրում էր ճանաչողական բնույթ:
«Կարող եմ միայն ասել, որ կա պայմանավորվածություն կոնտակտները շարունակվելու: Ինչպես նաև կար տեսակետ, որը հնչեցվել է ոչ պաշտոնական մակարդակում, որ միգուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում, պետք է դադար տալ և դրանից հետո շարունակել: Բայց մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի համար, որը պետք է ընթանա համանախագահների առաջարկությունների հիման վրա և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ առաջընթացի համար»,-նշեցԱԳՆ խոսնակը:
Տ. Բալայանը վերահաստատեց, որ բանակցությունների գործընթացում Հայաստանի համար ուղենիշայինն Արցախի անվտանգության ու կարգավիճակի հարցն է:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը բանակցությունների դինամիկան ակտիվացնելու անհրաժեշտություն չի տեսնում՝ Տիգրան Բալայանը պատասխանեց, որ հայկական կողմը երբեք էլ պասիվ չի եղել, ավելին` փորձում է նպաստել խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկությունների կատարմանը, ինչը, սակայն, դժվար է ասել Ադրբեջանի մասին: «Խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման հարցը քննարկվել է ամենաուղիղ ձևով: Այն է՝ Ապրիլյան ագրեսիայից հետո՝ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում: Խոսքը գնում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, շփման գծում նրանց տեղակայման մասին, որ կարողանան վերահսկել իրավիճակը: Երրորդն էլ, որ շատ կարևոր է, հետաքննությունների ու միջադեպերի քննության մեխանիզմների ներդրումն է: Կան առաջարկներ այդ առումով, բայց գիտեք, որ երկու տարուց ավելի է՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ պայմանավորվածությունների ի կատար ածումը»,-ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Բրյուսելում, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ,ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպերշիկը: Սա երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների արդյունքում խաղաղ իշխանափոխությունից հետո:
Նմանատիպ նյութեր
1190 դիտում
17:27 26-11-2022
Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ
2777 դիտում
22:23 11-10-2016
Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանը և Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանը կհամագործակցեն