Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը՝ Սյունիքից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության նպատակը մարդկանց բանտեր լցնելը չէ, այլ պետության վնասը վերականգնելը: Սյունիք կատարած այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իրավապահների գործողությունների մասին, որ ծավալվում են անցնող շաբաթներում: Ըստ Փաշինյանի՝ պետք չէ, որ մարդիկ այս ամենից 37 թվականի տպավորություն ստանան, որովհետև Հայաստանում օրինականության վերականգնման գործընթաց է:
Այս հայտարարությունը շատ կարևոր է ոչ միայն հանրությանը հասցեագրվածության տեսանկյունից: Փաշինյանի հայտարարությունը հույժ կարևոր մեսիջ է նաև արտաքին աշխարհին, որն անկասկած ցանկանում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Եվ սա նշմարելի է նաև, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքերից, որն ասել է, թե Հայաստանը պետք է համապատասխանի հազարամյակի մարտահրավերներ ամերիկյան կորպորացիայի չափանիշներին, դրա ծրագրում ընդգրկվելու համար:
Իհարկե, առաջին հայացքից սա ֆորմալության պարզ տրամաբանության մեջ է, սակայն, մյուս կողմից, հատկանշական է, որ ԱՍՆ դեսպանն այդ մասով շատ զգուշավոր է: Որովհետև, ի վերջո, առայժմ թավշյա հեղափոխությունից հետո աշխատողն իրավապահ համակարգն է, դրսևորվում է դրա աշխատանքի արդյունքը, իսկ այլ ուղղություններով դեռ պետք է հասկանալ իրավիճակն ու միտումները:
Իհարկե, անխոս է, որ այլ ուղղություններով էֆեկտիվության համար նախ պետք է հաստատել օրինականություն, սա անհերքելի է, և այս տեսանկյունից շղթան շատ տրամաբանական է: Եվ հարցը դա չէ, դրա հանդեպ կասկածը չէ, այլ այն, որ քանի դեռ այլ ուղղությամբ չկան նույնքան համաչափ դրսևորումներ ու արդյունքներ, ինչը, իհարկե, օբյեկտիվորեն ժամանակի խնդիր է, արտաքին դերակատարները չեն ցանկանում շտապել և տալ շուտափույթ գնահատականներ: Ահա այս տեսանկյունից շատ կարևոր է, որ կառավարության ղեկավարը հստակ արձանագրում է, որ չկա մարդկանց բանտեր լցնելու նպատակ:
Իհարկե, արդարությունը կարիք ունի դրսևորման, և եթե մարդիկ մեղավոր են, ապա պետք է նստեն բանտում: Սակայն, մյուս կողմից, Հայաստանը ներկայումս, մեղմ ասած, այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա այդօրինակ առաջնահերթության, ճոխություն, և ըստ այդմ, եթե մարդիկ պատրաստ են իրենց ապացուցված հանցանքը, պետությանը հասցված ապացուցված վնասը փոխհատուցել, վերականգնել, ապա սա առավել գերակա նպատակ է, և հանուն դրա կարելի է և գուցե պետք է մարդկանց տալ այդ պայմանով ազատության հնարավորություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]