211652_close_icon

ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր վերահսկելու հնարավորություն ունեն. ՊՆ խոսնակ

views-count4484 դիտում article-date 19:42 05-07-2018
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե մոտիկից դիտարկման տակ են պահում Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, նշեց՝ ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են վերահսկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում: «Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու երկարությամբ կան այդպիսի 30 տեղամասեր՝ այդ թվում առաջնային նշանակության ճանապարհներ, որ հակառակորդը կարող է մշտապես դիտարկել: Տավուշի մարզում 20-ից ավելի բնակավայրերի համար ևս վտանգ կա: Դրան ի պատասխան՝ մեր զինված ուժերը ունեն այդպիսի հնարավորություն ադրբեջանական շուրջ 50 բնակավայրի նկատմամբ»,-ասաց Հովհաննիսյանը: ՊՆ խոսնակի կարծիքով՝ վերահսկելու գործոնը ինչ-որ կերպ շահարկելը Ադրբեջանի օգտին չէ: «Հայկական կողմն առնվազն 2 անգամ ավելի շատ բնակավայրեր է տեսնում և վերահսկում: Մենք պարզապես դրա մասին չենք բարձրաձայնում»,-նշեց Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ՝ վերահսկողության մեջ վտանգ կա, բայց ռազմական գործողության ժամանակ այն լուրջ վտանգ չի ներկայացնի և դեր չի խաղա:

Նմանատիպ նյութեր