Քաղաքականությամբ զբաղվելը քաղաքացու անօտարելի իրավունքն է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Դերասան Հայկ Մարությանի՝ իշխող կուսակցությանը՝ «Քաղաքացիական պայմանագրին», անդամագրվելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկությունը, իմ կարծիքով, տարօրինակ արձագանք գտավ: Թե՛ կուսակցական դառնալու և թե՛ քաղաքականությամբ զբաղվելու ցանկությունը ամեն քաղաքացու անօտարելի իրավունքն է, նրա ընտրությունը:
Հիշում եմ, երբ տարիներ առաջ նախորդ իշխող կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, անդամագրվեցին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը և ռեժիսոր Արա Երնջակյանը, աղմուկը դարձյալ շատ մեծ էր: Բայց դա այդ մարդկանց որոշումն է, որը ողջունելը կամ դատապարտելն ինձ այնքան էլ իմաստալից չեն թվում:
Տարբերությունն էլ է շոշափելի՝ Ամիրխանյանն ու Երնջակյանը հենց սկզբից գնում էին «տաքուկ», նոմենկլատուրային ճանապարհով: Հայկ Մարությանը հեղափոխության ժամանակ Փաշինյանի հետ բարիկադ էր բարձրացել և, այդպիսով, կարծում եմ, որպես քաղաքացի ավելի մեծ հարգանքի է արժանի: Սակայն ինչպիսի քաղաքացիական դիրք էլ ունենան վերը նշված կոմպոզիտորը, ռեժիսորը և դերասանը, ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու նրանց տաղանդը:
Կան մարդիկ, որոնք ապրում են քաղաքականությամբ, պայքարի մեջ, հարվածներ և հակահարվածներ են հասցնում հակառակորդներին, ծաղրում են, «բարոյապես ոչնչացնում են» նրանց և այլն՝ այդպես են նրանք պատկերացնում իրենց կյանքը, իրենց ծառայությունը հայրենիքին, պետությանը: Եվ այդ դիրքորոշումը նույնպես, կարծում եմ, հարգանքի է արժանի:
Ուրիշ հարց, որ կարելի է դարձյալ օգտակար լինել հայրենիքին ու պետությանը՝ չմասնակցելով քաղաքական գործընթացներին: Օրինակ՝ երբ որևէ միջավայրում սկսում են խոսել քաղաքականությունից (Նիկոլն այսպես, Սերժն այնպես), ես զգում եմ, որ աշխատանքից դուրս ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում: Ես անգամ ցավ եմ ապրում, երբ մարդիկ հավաքվում են, ասենք, երեխայի ծննդյան օրը նշելու և փոխանակ ուրախանան, սկսում են խոսել ազգի դարդերից, վերջին քաղաքական անցքերից և այս կամ այն մարդու միլիոններից: Բայց դա, ի վերջո, իրենց գործն է՝ դա՛ է իրենց հետաքրքրում, դրա՛ մասին է, որ նրանք ցանկություն ունեն դիրքորոշում հայտնելու:
Քաղաքականությամբ զբաղվելը կամ չզբաղվելը ճաշակի, անձնական նախասիրությունների խնդիր է: Ես, օրինակ, կանաչ լոբի չեմ սիրում: Բայց իմ մտքով չի անցնում խստորեն դատապարտել բոլոր կանաչ լոբի սիրողներին»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]