211652_close_icon

Ինչո՞ւ եք կոչ անում խոշտանգել Մանվելին․ «Առավոտ»

views-count7484 դիտում article-date 10:57 23-06-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ընկերներիցս մեկը կատակով ենթադրեց, որ ԱԱԾ-ում, բացի ամեն ինչից, լեզվի արագացված կուրսեր են անցկացնում: Այսպիսի ենթադրությունների համար հիմք դարձավ այն, որ գեներալ Մանվելն ու Շմայսը, անազատության մեջ հայտնվելուց հետո, սկսեցին խոսել այնպիսի բառապաշարով, որը նախկինում իրենց բացարձակապես հատուկ չէր: Մասնավորապես, Առաքել Մովսիսյանն այլևս չի սպառնում որևէ մեկին բռնաբարել, գլուխը պոկել կամ վիզն ոլորել, այլ խոսում է «օրենքի տառին համապատասխան»: Իրականում խնդիրն, իհարկե, լեզվի դասընթացը չէ, այլ այն, որ նրանք ստիպված են ավելի զուսպ և համեստ լինել, քանի որ նրանց այլևս «երես տվող» չկա: Նման մարդիկ այլևս չեն կարող ամբարտավան կեցվածք ընդունել, քանի որ հրապարակային դեմքեր են, գտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իրենց ցանկացած բառ բազմացվելու է հարյուր հազարավոր օրինակով, և նրանք այլևս չունեն այն պաշտպանական շերտը, որի պայմաններում հնարավորություն կունենան ասելու՝ «լավ ենք անում, ազգի համար այնքան բան ենք արել, որ իրավունք ունենք ասելու և անելու այն, ինչ ճիշտ ենք գտնում»: Բայց ասել, որ այս մտածելակերպը վերացել է, խիստ չափազանցված կլիներ: Որովհետև, եթե դու մերժված թիմի անդամ չես, դու դարձյալ կարող ես թքած ունենալ օրենքների վրա: ՊՊԾ գնդի վրա հարձակվողներն, օրինակ, որոնք ազատ են արձակվում «մարդասեր» պատգամավորների երաշխավորություններով, շարունակում են հպարտանալ 2016թ. հուլիսին իրենց կատարած «քաջագործություններով»: Իսկ եթե դու հանրային դեմք չես, ապա քո վրա առավել ևս դրված չէ ամբարտավան չլինելու ծանր բեռը: Հիմնարկի ինքնասիրահարված ղեկավարը, զորամասի ինքնահաստատվող հրամանատարը, ընտանիքի «դրվածք դնող» հայրը կարող է փոքր մասշտաբով «Շմայս» լինել (նախկին «Շմայս») և նույնպես հպարտանալ դրանով: Էլ չեմ խոսում ֆեյսբուքյան տարածքի մասին, որտեղ «շմայսերը» պարզապես վխտում են, և շատ քչերն են խուսափում «շանսատակ անելու», «գյուլլելու» և «վառելու» կոչերից: Դուք ընդվզո՞ւմ եք, երբ լսում եք, որ Մանվելը խոշտանգում էր մարդկանց (ինչին ես, ի դեպ, հավատում եմ), այդ դեպքում ինչո՞ւ եք կոչ անում խոշտանգել Մանվելին: Եթե մարդը հանցագործություն է կատարել, նա պետք է մեկուսացվի հասարակությունից՝ ընդամենն այդքանը: Եվ, ի դեպ, պահվի մարդու արժանապատվությանը վայել բանտային պայմաններում: Ինչպես ասում են՝ օրենքի տառին համապատասխան»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր