211652_close_icon

Այս անգամ՝ 3+3+3+3․ որոնք են լինելու կողմերի մոտեցումները․ «Առավոտ»

views-count3734 դիտում article-date 11:32 22-06-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվ այսպես, Ազգային ժողովի 4 խմբակցությունները երեքական մասնակիցներով սկսել են Ընտրական նոր օրենսգրքի քննարկումը: Հիշո՞ւմ եք, անցած խորհրդարանական ընտրություններից առաջ նույն թեմայով քննարկում էր անցկացվում 4 (իշխանություն) + 4 (ընդդիմություն) + 4 (հ/կ հատված) ձևաչափով: Հետո հ/կ հատվածն ինչ-որ բանից դժգոհ մնաց և դուրս եկավ բանակցություններից, իսկ ընդդիմությունը, կարծես թե, քննարկումների արդյունքներից դժգոհ չէր՝ տեխնիկական միջոցները, ցուցակների հրապարակումը կոչված էին ապահովելու քվեարկության արդար ընթացքը, ինչը և տեղի ունեցավ: Բայց ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, ինչպես ասում են, «խփեցին փողով», ինչի հետևանքով մենք ունենք Ազգային ժողովի ներկայիս պատկերը: Փորձենք պատկերացնել, թե որոնք են լինելու կողմերի մոտեցումներն այս անգամ: ՀՀԿ-ն պայքարելու է, այսպես ասած, «ընտրատարածքային ռեյտինգային», այսինքն՝ իրականում ապաքաղաքական և թաքնված մեծամասնական համակարգի համար: Մնացած խմբակցությունները դրան կտրուկ դեմ են լինելու՝ ոմանք առաջարկելու են «համապետական ռեյտինգայինը», որը, գոնե առաջին հայացքից, առանձնապես վտանգ չի ներկայացնում: Բայց ինչպիսի ընտրակարգ էլ լինի, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որ ՀՀԿ-ն հայտնվի խորհրդարանում: «Ծառուկյան» դաշինքը պայքարելու է իր ղեկավարի՝ «բարեգործություն» անելու իրավունքի համար՝ հույս ունենալով, որ «բարեգործության» անվան տակ հնարավոր կլինի նյութապես շահագրգռել ընտրողներին: Բարեգործության մասին օրենքին ԲՀԿ-ականների բուռն դիմադրությունը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Ի դեպ, համեմատությունները Մանթաշովի հետ տեղին չեն: Թիֆլիսահայ բարերարը կուսակցություն չէր պահում և ընտրություններին չէր մասնակցում: ՀՅԴ-ն և «Ելքը» պայքարելու են համամասնական կարգի համար` դրա այս կամ այն տարբերակով, որն էլ, ի վերջո, կընդունվի: Բայց ինձ թույլ կտամ երկու նկատառում հայտնել: Նախ՝ ընտրակարգը միակ խնդիրը չէ: Պետք է հստակ սահմանել ոստիկանության և դատարանների իրավասությունները՝ տարբեր խախտումների, հատկապես ընտրակաշառքի պարագայում: Երկրորդ՝ պետք է հաշվի առնել արտախորհրդարանական ուժերի տեսակետը: ԱԺ-ում ներկայացված պատգամավորներից զատ՝ կան բազմաթիվ այլ՝ նույնքան արժանի և նույնիսկ ավելի արժանի գործիչներ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր