Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ-ԵՄ«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը
Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործունեության մասին» համաձայնագիրը:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:
«Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը»,-գրել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերին՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը ստորագրել էր 201 թվականի ապրիլին:
Մինչ այս ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել են նաև Էստոնիայի և Լիտվայի խորհրդարանները: