Սփյուռքի նոր նախարարը կոռուպցիոն նոր սխեմա է հայտնաբերել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Սյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ առաջին աշխատանքային օրվանից ուսումնասիրել է նախարարության ծրագրերի ֆինանսական հատվածը. «Ունեմ մտավախություններ, տեսել եմ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր։ Եթե մենք կարողանանք ձերբազատվել կոռուպցիոն ռիսկերից և առավել արդյունավետ բյուջեն օգտագործենք, ծրագրերը ոչ կտեղափոխվեն, ոչ էլ կկասեցվեն»։
Նախարարը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի կոռուպցիոն ռիսկեր ասելով. «Եթե 10 տարի շարունակ նույն կազմակերպությունները շահել են տենդերները, և ընթացիկ ծրագրերը պետք է այդ նույն կազմակերպությունները անեն, ես միանշանակ, որպես սփյուռքի նոր նախարար, խնդիրներ եմ տեսնում»։
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ վերստին մրցույթներ եթե հայտարարեն՝ բաց, թափանցիկ, բոլորին հասանելի պայմաններով, միանշանակ կշարունակեն այդ ծրագրերն իրականացնել բնականոն հունով։ Մենք փորձեցինք ճշտել՝ որտե՞ղ է տեսել կոնկրետ կոռուպցիոն ռիսկը, նախարարը պատասխանեց. «Որպեսզի հիմնավոր խոսեմ, ինձ մի քանի օր ժամանակ հարկավոր կլինի, որովհետև մենք հիմա հավաքագրում ենք, աշխատում ենք աուդիտի հետ»։
Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ այն կազմակերպությունները, որոնք տենդերը շահել են պարբերաբար, մոտ են նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի՞ն, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ միայն։ Ես միանշանակ հայտարարությամբ հանդես կգամ՝ շատ կոնկրետ ոլորտներում շատ կոնկրետ պայմանագրերով շատ կոնկրետ անուններով։ Այս իմաստով ես բացարձակ որևէ կաշկանդվածություն չունեմ։ Ոչ թե հիմա խուսափում եմ ասել, որովհետև վախենում եմ կամ կաշկանդված եմ, այլ ես ուզում եմ շատ ավելի հիմնավոր ու հստակ, համապարփակ ու խորը հարկատուին ասել, որի վճարած հարկերից ձևավորվել է մեր շուրջ միլիարդի հասնող բյուջեն։ Ես պիտի ցույց տամ, որ այդ հարկերը մաքսիմալ արդյունավետ են ծախսվելու»։
Նա ասաց, որ նախարարության ներսում բազում կառուցվածքային փոփոխություններ պետք է լինեն, որ թույլ տան արդյունավետ աշխատել։ Առաջիկա 3-4 օրերի ընթացքում նախարարը ասուլիս կհրավիրի և այդ ամենի մասին ավելի կոնկրետ հայտարարություններ կանի։ Հնարավոր է՝ ԱԱԾ-ն մտնի սփյուռքի նախարարություն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]