Գրիշա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Նիդեռլանդներ
Սեպտեմբերի 19-ից 24-ը Նիդեռլանդներում կկայանա Միջազգային ոստիկանական ասոցիացիայի համաշխարհային 63-րդ կոնգրեսը:
Աշխարհի 108 երկրների պատվիրակությունների կազմում Միջազգային այդ հեղինակավոր համաժողովի աշխատանքներին Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո կմասնակցի նաև Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:
Կոնգրեսին իրենց մասնակցությունը կբերեն նաև եվրոպական և միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ:
Համաժողովի օրերին նախատեսված կոնֆերանսների և դրանց հաջորդող լսումների ու քննարկումների ընթացքում համակողմանի անդրադարձներ կլինեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև արդի աշխարհում մարդկության առջև ծառացած և հրատապ լուծումներ պահանջող մի շարք կարևորագույն հարցերի:
Կոնգրեսի ընթացքում զեկուցումով հանդես կգա նաև գնդապետ Գրիշա Սարգսյանը, ով կներկայացնի 2018-ի հայաստանյան բեկումնային իրադարձությունների արդյունքում արդարության, հավասարության և խոսքի ազատության ուղին բռնած մեր երկրում ստեղծված իրավիճակը:
Կոնգրեսի աշխատանքները Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակի մամուլի ծառայության միջոցով կլուսաբանվեն ԶԼՄ-ներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նյութերը կտրամադրվեն նաև լրատվամիջոցներին: