211652_close_icon
views-count2784 դիտում article-date 16:50 25-05-2018

ՀՀ ԱԻ նախարարը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել են, որ աշխատելու են համագործակցության ընդլայնման ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ԱԻ նախարարությունում՝ նախարար Ռոստոմյանը հավաստիացրեց. «Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ մշակված ծրագրերի շարունակականությունը ոչ միայն ապահովվելու է, այլև՝ աշխատելու ենք համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ»: Շնորհավորելով Հրաչյա Ռոստոմյանին ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը նշեց, որ ՄԱԿ-ի և ՀՀ ԱԻՆ միջև համագործակցությունը երկար և արդյունավետ պատմություն ունի: Կարևորելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների գործընթացում նախարարության մեծ ներդրումը՝ պարոն Շարփը պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ աջակցել նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում ՄԱԿ-ի աջակցությամբ հակակարկտային ռադիոլոկացիոն կայանների տեղադրման և հիդրոօդերևութաբանական համակարգի արդիականացման, «Նաիրիտ» գործարանում պահվող քիմիական թափոնների, ինչպես նաև՝ Նուբարաշենում առկա թունաքիմիկատների փաթեթավորման ու չեզոքացման գործընթացների ապահովումը: Կարևորելով թունաքիմիկատների չեզոքացման գործընթացը՝ նախարար Ռոստոմյանը շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել հարցին վերջնական լուծում տալու համար: Կողմերը քննարկեցին նաև սույն թվականի հունիսի 26-27-ին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի տարածաշրջանային համաժողովի կազմակերպչական հարցերը: Համաժողովին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետությունների պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչները, նպատակն է՝ քննարկել աղետների պատճառած վնասների նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները և դրանց ծավալների մեծացումը: Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը պատվիրակության անդամներին հրավիրեց մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 4-6-ը Հայաստանում 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր