Ինչո՞ւ է հեռացվել Մովսես Հակոբյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 24-ին պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, որը թիվ մեկ զինվորական պաշտոնն է Հայաստանում: Այդ պաշտոնում Մովսես Հակոբյանին փոխարինել է հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Մովսես Հակոբյանը տեղափոխվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնին:
ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ թիվ մեկ զինվորական պաշտոնյայի փոփոխությունը, թերևս, պետք է վաղ թե ուշ մտներ Հայաստանի նոր իրավիճակի օրակարգ, քանի որ խոսքը առանցքային նշանակություն ունեցող պաշտոնի մասին է: Մյուս կողմից, սակայն, միանգամայն հասկանալի է, որ ի տարբերություն նույնիսկ պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնի, այս դեպքում նշանակումը չի կարող լինել թիմային սկզբունքով, և այստեղ գերազանցապես, բացառապես պահանջվում է ռազմաքաղաքական համարժեքություն:
Իհարկե, նույն սկզբունքով է նշանակվել նաև պաշտպանության նախարարը, բայց ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարագայում թույլատրելի չէ սկզբունքի միլիմետր իսկ շեղում: Այդ առումով միանգամայն տրամաբանական է, որ Մովսես Հակոբյանին փոխարինում է բավական բարձր որակավորում ունեցող զինվորական: Իսկ այն, որ Արտակ Դավթյանն այդպիսին է, վկայում է ոչ միայն գլխավոր շտաբում նրա նախկինում աշխատանքի փորձը՝ որպես օպերատիվ վարչության պետ, այլ նաև այն հանգամանքը, որ նա 2017 թվականի սեպտեմբերին նշանակվել է բանակային հինգերորդ կորպուսի հրամանատար:
Առանձնահատուկն այստեղ այն է, որ հինգերորդ բանակային կորպուսը ներառված է հայ-ռուսական միացյալ զորախմբում, հետևաբար մեկնաբանությունը, թերևս, ավելորդ է, թե ինչպիսի պատասխանատվություն և որակավորում է պահանջում այդպիսի կարևոր ռազմական պաշտոնի նշանակումը: Ինչո՞ւ է հեռացվել Մովսես Հակոբյանը, իհարկե բավական բարդ է ասել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ: Մովսես Հակոբյանի անունը տարբեր մամուլի հրապարակումներում կապվել է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի հետ կապված տարբեր պատմությունների, և այդ տեսանկյունից զարմանայի էր անգամ, որ Հակոբյանն էր ապրիլյան պատերազմից հետո Յուրի Խաչատուրովին փոխարինողը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]