Այսօր կոռուպցիոն խոշոր բացահայտումներ են սպասվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Եվ այսպես, այսօր մայիսի 23-ն է, առաջին հայացքից և մինչև 2018 թվականի մայիսի 19-ը սովորական մի օրացուցային օր: Սակայն մայիսի 19- ից հետո մայիսի 23-ը սովորական օր չէ և այսօր թերևս կա հանրության համար մի անսովոր սպասում: Բանն այն է, որ մայիսի 19-ին էլ ԱԱԾ նորանշանակ պետն արեց հանրության համար անսովոր հայտարարություն, ասելով, որ մայիսի 23-ից կլինեն կոռուպցիոն խոշոր բացահայտումներ, թե ինչպես են որոշ մարդիկ հարստացել՝ լիովին այլ անձանց անձնագրերով գրանցելով բիզնեսներ ու յուրացնելով պետական, հանրային միջոցները:
Ըստ ԱԱԾ պետի՝ Հայաստանում կա 350 մարդու անուն կրող ցուցակ, որի մեջ եղած անուններում մի խումբ մարդիկ բացել են բիզնեսներ, այդ անունը կրողների համար նույնիսկ անհայտ բիզնեսներ: Նման հայտարարություն Հայաստանում երբեք չի արել որևէ իրավապահ մարմին:
Ավելին՝ նույնիսկ հարց է, թե զուտ իրավական տրամաբանության մեջ որքանով է նպատակահարմար բավական կոնկրետ մատնացույց անել հանցագործության բնույթն ու խոսել առաջիկա օրերին կոնկրետ բացահայտումների մասին, երբ հանցագործները կարող են պարզապես հեռանալ Հայաստանից: Եվ այս տեսանկյունից ի դեպ այս հարցն առաջանում է, թե արդյո՞ք կոնկրետ բացահայտումների դեպքում արդեն չի պարզվի, որ մեղավորները վաղուց Հայաստանում չեն այլևս: Այսպես, թե այնպես, սակայն, մայիսի 23-ից Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրան մասնակից հանրությունը, ըստ էության, մտնում են նոր փուլ, նոր ռեժիմ և դա կոռուպցիոն խոշոր բացահայտումների սպասման ռեժիմն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]