211652_close_icon
views-count26575 դիտում article-date 11:57 21-05-2018

Վարչապետը խոստանում է վերացնել սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում կիրառելու խոչընդոտները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը: Ն. Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: «Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,-ասել է ՀՀ վարչապետը: Նա ավելացրել է նաև, որ նոր ձևավորված կառավարության առաջնային խնդիրն է դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը: Հարցին ի պատասխան, թե ինչպես շարունակել քաղաքացիների ներգրաված պահել քաղաքական գործընթացների մեջ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես կարծում եմ՝ այս փոփոխություններից հետո մենք քաղաքացիների ներգրավվածություն ապահովելու խնդիր չունենք, ամենակարևորն այն է, որ քաղաքացին պայքարի իր իրավունքի համար»: Անդրադառնալով սփյուռքի պարագային՝ վարչապետը նկատել, որ այստեղ ներգրավվածության խնդիրը երբեմն Մայր օրենքում ամրագրված դրույթներով է պայմանավորվում: «Սահմանադրությամբ ասվում է, որ օրինակ նախարար կարող է նշանակվել այն մարդը, ով վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի ու 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները և այն ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության համար: Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը կարողանանք օգտագործել պետական ինստիտուտների կայացման գործընթացում»,-վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր