ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
Սիրելի՛ երիտասարդներ, սիրելի՛ ուսանողներ,
Այսօր մեր երկիրը նշում է մեր հասարակության ամենաակտիվ, պայծառ ու խանդավառ մասի՝ ուսանողների և երիտասարդների օրը:
Պատահական չէ, որ մեր կրթության և գիտության գլխավոր դարբնոցի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է հռչակվել Ուսանողների և երիտասարդների օր: Մեր ժողովուրդը միշտ էլ առանձնակի կարևորել է կրթությունն ու գիտելիքը, և մեր երիտասարդությունն էլ մշտապես առանձնացել է կրթության ու գիտելիքի արժևորմամբ:
Ուրախ եմ, որ արդեն մի քանի տարի է՝ ունենք ուսանողությանը և երիտասարդությանը նվիրված մեր ազգային օրը: Սա հրաշալի առիթ է արժանին մատուցելու Հայաստանի Հանրապետության երիտասարդներին, ինչպես նաև բարձրաձայնելու նրանց խնդիրները, ցանկություններն ու ակնկալիքները: Ուստի հորդորում եմ պատշաճ կերպով նշել մեր սիրելի երիտասարդներին և ուսանողներին նվիրված այս օրը, այն իսկապես դարձնել առանձնահատուկ:
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում, որ գիտելիքների շարունակական հարստացումը և կարողությունների հետևողական զարգացումը լինեն ձեր կենսակերպը կյանքի ողջ ընթացքում:
Մաղթում եմ նաև անսպառ ուժ և եռանդ՝ կենսագործելու աշխարհն ու կյանքը բարեփոխելու ձեր նորարարական գաղափարներն ու ծրագրերը՝ ի նպաստ մեր հայրենիքի բարօրության և հզորացման: