87257 դիտում
09:04 12-05-2018
7 անգամ լեփլեցուն Հրազդան մարզադաշտը գրկաբաց ընդունեց իր զավակին՝ Հարութ Փամբուկչյանին. Համերգների ողջ հասույթը հատկացվեց երկրաշարժի աղետյալների ցավերը մեղմելուն:
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում երիտասարդական բաժնի վարիչն էի, 1988թ. դեկտեմբերի սկզբին ճանաչողական այցով գործուղվեցի Կանադա և ԱՄՆ:
Ազգային զարթոնքի օրերն էին և բոլոր համայնքներում ոգևորությամբ հետևում էին հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին:
Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարիի հրավերով եղա նաև Դեթրոյթում, որտեղ առիթ ունեցա ներկա գտնվելու Վարդգես Պետրոսյանի ''Կրակե շապիկ'' գրքի շնորհանդեսին և ապա շատ ճանաչված հայրենասեր Սողոյանի տանը կազմակերպված ընդունելությանը:
Հաջորդ օրը համայնքի հրավերով ժամանեցի Հյուսթոն, իսկ դեկտեմբերի 6-ին Լոս Անջելես /Հայաստանում աղետաբեր դեկտեմբերի 7-ն էր/:
Հյուստոնի օդակայանում, ինձ ճանապարհող Հայր Ներսես քհն. Ճեպեճյանին ասացի, որ չափազանց անհանգիստ եմ, կարծես թե օդանավը տեղ չի հասնելու:
Եվ ահա, Լոս Անջելեսում դիմավորողները փոխանցեցին երկրաշարժի գույժը:
Նույն օրը Սփյուռքահայության հետ մշակութային կոմիտեի նախագահի տեղակալ Ռոմեն Կոզմոյանի գլխավորությամբ Կանադայից ժամանեց հայաստանցի արվեստագետների խումբ, որը ըստ նախնական ծրագրի պետք է հանդես գար համերգներով:
Խմբի կազմում էին վաղամեռիկ Ստեփան Լուսիկյանը, Արաքս Մանսուրյանը, Ռաֆաել Քոթանջյանը, Աշոտ Ղազարյանը, Հասմիկ Կարապետյանը և նկարիչ Արտաշես Հունանյանի որդին:
Որև է համերգի մասին այլևս խոսք լինել չէր կարող:
Համայնքի մի խումբ երևելիների ջանքերով տեղի ունեցավ մեր պատմության մեջ առաջին հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակված ամբողջ գումարը փոխանցվեց աղետյալներին:
Հեռուստամարաթոնը, որտեղ ելույթ ունեցա նաև ես, վարում էր իմ լավ բարեկամ, ճանաչված լրագրող Օշին Քեշիշյանը, ով և ծանոթացրեց հեռուստամարաթոնի մասնակից Ձախ Հարութի և տիկնոջ Ռուզանի հետ:
Հաջորդ օրը Հարութ Փամբուկչյանը եկավ հյուրանոց: Երկար զրույցից հետո կազմեցինք իր նամակը հասցեագրված Սփյուռքահայության մշակութային կապի կոմիտեի նախագահ Կառլեն Դալաքյանին, ում և մի քանի օր անց անձամբ փոխանցեցի նամակը, որում Հարութը խնդրում էր հնարավորություն ընձեռնել բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանում /նամակի պատճենը ինձ մոտ է/:
Իսկ հետո եկավ 1989թ. ամառը և 7 անգամ լեփլեցուն Հրազդան մարզադաշտը գրկաբաց ընդունեց իր զավակին՝ Հարութ Փամբուկչյանին:
Համերգների ողջ հասույթը հատկացվեց երկրաշարժի աղետյալների ցավերը մեղմելուն:
Ահա և ամենը:
Գեղամ Ղարիբջանյան
11 մայիս 2018թ.
Նմանատիպ նյութեր
2085 դիտում
18:06 22-06-2015
Վարչապետը պարգևատրել է երգիչ Հարություն Փամբուկչյանին
2010 դիտում
21:06 23-11-2021
Մեկնարկել է համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը
Այս բաժնից
9573 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին