Գերմանիայում կայացած «Hannover Messe 2018» միջոցառմանը Հայաստանը ներկայացել է ներդրումային գրավչություններով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանը մասնակցել է Գերմանիայի Հանովեր քաղաքում ապրիլի 23-ից 27-ը կայացած «Hannover Messe» միջոցառմանը, որը համարվում է արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիական և նորարարական լուծումներին նվիրված աշխարհի առաջատար և խոշորագույն միջոցառումներից մեկը:
Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պատասխանատու աշխատակիցներ, «Ալյանս», «Մերիդիան», «Մեղրի» ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներ և որոշ շահագործողներ, ներկայացուցիչներ Հայաստանի տեխնոլոգիական պարկերից, Հայաստանի ճշգրիտ ճարտարագիտական ձեռնարկությունների միավորրումից, ինչպես նաև նորարարական գործարար լուծումներ առաջարկող մասնավոր ընկերություններից:
Միջոցառման ձևաչափը նախատեսել է մի քանի ուղղությամբ զուգահեռ աշխատանք, այդ թվում՝ ցուցահանդես, գործարար համաժողով, B2B և B2G հանդիպումներ և այլն:
«Hannover Messe 2018»-ի ընթացքումներկայացվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների, տեխնոպարկերի առավելությունները, ՏՏ, բարձր տեխնոլոգիական և նորարարական լուծումներ մշակող ընկերությունների առաջարկները, միջազգային ընկերությունների ներգրավման հնարավորությունները, համագործակցության նոր ուղղությունների բացահայտման, համատեղ ծրագրերի իրականացման, առավել լայն շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:
Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք միջազգային ընկերությունների ներկայացուցիչների, Լեհաստանի, Կորեայի, Ներքին Սաքսոնիայի պաշտոնյաների հետ:
Հայաստանը ներկայացվել է նաև մարքեթինգային նյութերով, մասնավորապես ՀՀ գործարար հնարավորությունների մասին տեսաֆիլմով(հղումը՝https://www.youtube.com/watch?v=KYdIl6THRWU):
«Hannover Messe 2018»-ինՀայաստանի մասնակցությանն աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝«Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» (SMEDA) և Հայաստանի ազատ տնտեսական գոտիների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում: