ԱԺ նիստը չի կայանում. քվորում չկա. «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտ է հայտարարել. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովի՝ մայիսի 2-ին մեկնարկած քառօրյայի աշխատանքը չսկսվեց՝ քվորում չապահովելու պատճառով: «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտ է հայտարարել։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ քանի որ երկրում աննախադեպ իրավիճակ է, հետևաբար իրենք հայտարարում են քաղաքական բոյկոտ և այս 4-օրյա աշխատանքներին չեն մասնակցելու:
Ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել էր 27 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ:
«Նշված ժամկետում նիստի իրավազորությունն ապահովելու դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին: Չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած»,-ասաց Բաբլոյանը:
Նիստերի օրակարգում ընդգրկված է 12 հարց, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Տեղական հանրաքվեի մասին օրինագծերը: Օրակարգում է նաև ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը: