Նիկոլ Փաշինյանն առողջապահության ոլորտում խնդիրները լուծելու երեք քայլ է նշում
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն առողջապահության ոլորտում առկա խնդիրների պատճառը տեսնում է անարդյունավետության, կոռուպցիոն ռիսկերի, ֆինանսական միջոցների սահմանափակության մեջ:
Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հարց հնչեցրեց առողջապահական ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ վարչապետի թեկնածուի տեսլականի մասին: Մասնավորապես, նա հետաքրքրվեց, թե ինչպիսին են լինելու «դեղատոմսերի ձևերի ու դեղերի բացթողնման կարգի, ապահովագրական համակարգի ներդրման, անվճար բժշական օգնություն ստանալու, պետպատվերի շրջանակներում անարդար բաշխումների վերաբերյալ» Նիկոլ Փաշինյանի մոտեցումները:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրացված հարցերին ինքը բազմիցս անդրադարձել է իր տարբեր ելույթներում և ընդգծեց, որ արդյունավետության բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի վերացման և ֆինանսական միջոցների սահմանափակության հարցերն ամբողջությամբ չլուծելու պարագայում հնարավոր չի լինի հաջողության հասնել: «Առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է պետբյուջեի եկամուտները 30 տոկոսով ավելացնել, ինչը նշանակում է, որ համամասնորեն կարող են ավելանալ նաև բյուջետային ծախսերի ուղղությունները, այդ թվում՝ առողջապահական համակարգի»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է դեղատոմսերով դեղերի դուրս գրմանը, ապա, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է դեղերի սպառման նկատմամբ իրականացնել պատշաճ մասնագիտական վերահսկողություն, ինչը, սակայն, պետք է հեշտացնի, ոչ թե բարդացնի քաղաքացիների կյանքը:
Անդրադառնալով ապահովագրական համակարգի ներդրմանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա պատշաճ առողջապահական ծառայություն, իսկ առողջապահական ապահովագրությունը կարող է լինել միջոցներից մեկը: