11501 դիտում
16:06 28-10-2017
ՀՀ դատախազությունը դիմում է կոշտ միջոցների՝ հետախուզման ոլորտում առկա խնդիրները լուծելու համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաեւ ՀՀ ոստիկանության, ՀՔԾ, Քննչական կոմիտեի, ԱԱԾ եւ Պետական եկամուտների քննչական մարմինների ներկայացուցիչները: Քննարկվել է քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:
ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2017թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն աննախադեպ ծավալով եւ խորությամբ ուսումնասիրել է 2000-2016թթ. հետախուզական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման արդյունավետության վիճակը:
Նշված 17 տարիների ընթացքում քննությունից խուսափող, ինչպես նաեւ հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերված անձանց վիճակագրական ցուցանիշների վերլուծությունն արդեն ի հայտ են բերել հետախուզական աշխատանքների արդյունավետության, դրանցում առկա որոշակի բացթողումների օրինաչափություններ՝ այդ թվում նաեւ կապված այդ աշխատանքների կանոնակարգմանն առնչվող իրավակարգավորումների անհստակությունների հետ: Թվային տվյալները եւս մեկ անգամ ակնհայտ են դարձրել հետախուզվող անձանց հայտնաբերմանն ուղղված փնտրողական աշխատանքների անհապաղ եւ օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը, աշխատանքների այդ կերպ կազմակերպման արդյունավետության երաշխիք հանդիսանալը:
Մասնավորապես, այն հանգամանքը, որ 2016 թվականի ընթացքում հայտնաբերվել է նույն տարվա ընթացքում հետախուզում հայտարարված մեղադրյալների 49,4%-ը իսկ նախորդ տարիներից հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների ընդամենը 12,6%-ը, հաստատում է, որ որքան օպերատիվ են կազմակերպվել հետախուզական աշխատանքները, այնքան դրանք ավելի արդյունավետ են եղել:
Աշխատանքային խումբը վեր է հանել հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների հետ կապված նախաքննական եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բոլոր խախտումներն ու թերությունները, դրանց նկատմամբ դատախազական հսկողության բացերը:
Մասնավորապես՝ հայտնաբերվել են այն դեպքերը, երբ հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացրած լինելու պայմաններում փաստացի հետախուզում չի իրականացվել, հետախուզական գործեր չեն կազմվել, քրեական գործերում բացակայել են հետախուզումը դադարեցնելու հիմքերի մասին տվյալները, մինչդեռ հետաքննության մարմինների որոշումներով փաստացի անհիմն դադարեցվել են հետախուզումները: Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ հետախուզում իրականացնելու համար պարտադիր համարվող փաստաթղթերը քննիչների կողմից հետաքննության մարմնին չեն ուղարկվել, կամ թեեւ կազմվել են հետախուզական գործեր, սակայն դրանք չեն հաշվառվել հետախուզության ստորաբաժանման հաշվառման մատյանում:
Բացահայտվել են դեպքեր, երբ անձի վերաբերյալ տարբեր քրեական գործերով կազմված հետախուզական գործերով հանցանքներից միայն մեկով հետախուզումը դադարեցնելու հիմքերի առկայության դեպքում տվյալ անձի նկատմամբ ընդհանրապես դադարեցվել են հետախուզական աշխատանքները, հետախուզման մեջ գտնվող անձը փոխել է անձը հաստատող փաստաթղթերը եւ հեռացել երկրից կամ տեւական ժամանակ հետախուզման մեջ գտնվող անձինք իրենց իսկ բնակավայրերում դարձել են նոր հանցագործություններից տուժողներ եւ հայտնաբերվել հիվանդանոցներում:
Երբեմն հետաքննության մարմնի կողմից չեն ստուգվել հետախուզվողների վերաբերյալ ՀՀ ՍԷԿՏ համակարգում առկա տվյալները՝ հետախուզվողների կողմից ՀՀ սահմանը հատելու հանգամանքը պարզելու համար: Մի շարք գործերով էլ անձինք շարունակել են մնալ հետախուզման մեջ այնպիսի արարքների համար, որոնք ապաքրեականացվել են, կամ հետախուզվողների մեղադրանքը չի համապատասխանեցվել գործող քրեական օրենսգրքին: Ավելին. պարզվել է նույնիսկ, որ մահացած անձը քրեական գործով անցնում է որպես հետախուզվող: Ի հայտ են բերվել նաեւ հետախուզվող անձանց անձնական տվյալների անհամապատասխանություններ, որի պայմաններում եւս անձինք փաստացի չեն փնտրվել:
Աշխատանքային խմբի ուսումնասիրություններին զուգահեռ, արձանագրված խախտումները վերացնելու, ուղղելու նպատակով քրեական գործերով հսկողություն իրականացնող դատախազների ցուցումներով վերսկսվել են քրեական գործերի վարույթները, ձեռնարկվել են անհրաժեշտ դատավարական միջոցներ, որոնց արդյունքում ապահովվել է պատշաճ հետախուզական գործերի կազմումը, խախտումների ու անհամապատասխանությունների վերացումը, անհրաժեշտ փնտրողական աշխատանքների իրականացումը, որոնց արդյունքում փաստացի հայտնաբերվել են նաեւ հետախուզվող անձինք:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անընդունելի համարելով հայտնաբերված խախտումները, հանգամանորեն անդրադարձել է դրանց պատճառների վերլուծմանը, այդպիսիք վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ եւ շեշտադրել մեղավոր անձանց խիստ պատասխանատվությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազը, բացահայտված խնդիրների մի մասը պայմանավորելով իրավական ընթացակարգերի անհստակություններով, իսկ մյուս մասը հետախուզական գործերով վարույթ իրականացնող մարմինների անբարեխղճությամբ, անպատասխանատու, անփույթ վերաբերմունքով, դատախազներին հանձնարարել է կոնկրետ մեխանիզմներով խստացնել հսկողությունն իրենց վարույթում գտնվող քրեական գործերով փնտրվող անձաց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության եւ օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ, դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ակտիվ ներգրավվածություն ունենալ դրանցում:
Դատախազության կոլեգիայի քննարկումներից ելնելով՝ հանձնարարվել է նաեւ հնարավորինս արագ ձեռնարկել հետախուզման գործընթացի արդյունավետության բարձրացմանը եւ արձանագրված խախտումների վերացմանն ուղղված մի շարք կոշտ եւ խիստ միջոցներ:
Մասնավորապես՝ հանձնարարվել է քրեական եւ հետախուզական բոլոր այն գործերով, որոնցում հայտնաբերված էական բնույթի խախտումների հետ կապված առկա է վարույթն իրականացրած մարմինների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտություն, հարուցել քրեական գործեր եւ նախաքննություն կատարելու համար դրանք ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Իսկ այն խախտումների դեպքում, որոնցով քրեական գործ հարուցելու հիմքերը բացակայում են, վարույթն իրականացրած մարմինների վերադասներին միջնորդել անցկացնել ծառայողական քննություն, լուծել խախտում թույլ տված, ինչպես նաեւ նրանց վերադաս անձանց պատասխանատվության հարցը եւ արդյունքների մասին հայտնել դատախազությանը: Հանձնարարվել է նաեւ տեղերում աշխատանքներ տանել օպերատիվ-հետախուզական աշխատանքներն ավելի ակտիվացնելու ուղղությմաբ:
ՀՀ գլխավոր դատախազը, կարեւորելով կատարված ստուգումների եւ ուսումնասիրությունների պարբերականությունը, դատախազներին տվել է կոնկրետ հանձնարարություններ՝ յուրաքանչյուր կիսամյակ ձեռնարկել դատախազական ներգործության միջոցներ՝ քննությունից խուսափող բոլոր անձանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը ստուգելու , այդպիսիք ակտիվացնելու նպատակով, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքների վերաբերյալ զեկուցագրերում առանձին մասով անդրադառնալ տվյալ ստորաբաժանման հսկողության տակ գտնվող գործերով իրականացված աշխատանքների ընթացքին եւ արդյունքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
20:41 10-05-2024
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա մարդու իրավունքների հետ կապված խնդիրները
943 դիտում
19:41 10-11-2022
Առկա են բոլոր նախադրյալները 2023 թ. պետական բյուջեով նախատեսված խնդիրները լուծելու համար. Գեւորգ Պապոյան
Այս բաժնից
580 դիտում
09:10 27-11-2024
Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան
1300 դիտում
09:04 27-11-2024
Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
772 դիտում
23:16 26-11-2024
Կաթողիկոսն ընդունել է Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին