Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում իրադրության սահմանադրական ուղով կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում: Այլ ուղիներ չկան և չեն կարող լինել, այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ փողոցում, ոչ հավաքների ժամանակ կամ որևէ այլ շենքում, բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խորհրդարանի շենքում: Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես որպես պետության ղեկավար կստորագրեմ հրամանագիր տվյալ անձին վարչապետի պաշտոնում նշանակման վերաբերյալ, եթե իհարկե չլինեն սահմանադրության խախտումներ ընտրության գործընթացում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի լուծում է նա տեսնում խնդրի համար՝ Սարգսյանը պատասխանել է. «Կա միայն մեկ ճանապարհ՝ սահմանադրական, այլ ուղիներ չկան և չեն կարող լինել»: