211652_close_icon
views-count15429 դիտում article-date 10:53 28-04-2018

Հարգարժան իշխանություններ, Ռուսաստանին մի՛ խառնեք այս պատմությանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ռուսաստանը կընդունի հայաստանյան ցանկացած իշխանության: Հայաստանյան ցանկացած իշխանություն կձգտի լավ հարաբերություններ կունենալ Ռուսաստանի հետ: ՌԴ ռազմաբազայի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հասարակության ճնշող մեծամասնության մեջ կա կոնսենսուս, և հիմնական՝ իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայն են, որ այդ կառույցները պետք է պահպանվեն: Հետևաբար, այս հեղափոխությունը մեր ժողովուրդների և պետությունների բարեկամական կապերին ամենևին էլ չի խանգարում և չի խանգարելու: Նրանք, ովքեր հակառակն են պնդում, մտածում են ոչ թե մեր ժողովուրդների և պետությունների, այլ, այսպես ասենք՝ այլ բաների մասին: Եվ ավելին՝ այդ մարդիկ անվստահություն են սերմանում երկու բարեկամ ազգերի մեջ: «Այս շարժումը Ռուսաստանի դեմ է» կեղծ, սադրիչ և վտանգավոր թեզը պաշտպանողներ կան թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնակատարներին Մոսկվա ուղարկելը և Պուտինի աշխատակազմից 4 տողանոց «սատարող» հայտարարություն կորզելն այդ շրջանակներում է: Դե, իսկ հետո համապատասխան տեղերից ռուսաստանյան հեռուստաալիքներին հրահանգ է տված՝ այդ կեղծ թեզն առաջ տանելու, և հաստիքային քարոզիչները, նաև հայկական ազգանուններով, հիշում են հին երգը՝ «սա մայդան է»՝ չնայած տեսական և գործնական առումով ապացուցվել է, որ վերջին իրադարձությունները «մայդանին» ամենևին նման չեն: Ինչո՞ւ եմ ես «մայդանի» մասին խոսակցությունները սադրանք համարում: Որովհետև քաղաքական և «տեղեկատվական» փորձառություն չունեցող մարդիկ բուռն հակաքարոզչություն են ծավալում այդ կեղծ թեզի հետ՝ կամա թե ակամա քննադատելով Ռուսաստանի քաղաքականությունը: Քանի որ մեր հասարակական-քաղաքական դաշտում շատ մարդիկ ղեկավարվում են էմոցիաներով, այս փոխազդեցությունը բնական է: Բայց ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, ես կարծում եմ, որ որևէ բան ասելուց կամ գրելուց առաջ պետք է գոնե 5 րոպե մտածել: Այնպես որ, Հայաստանի հարգարժան իշխանություններ, Ռուսաստանին մի՛ խառնեք այս պատմությանը: Նախ՝ դա անարդյունավետ է, երկրորդ՝ մտածեք, խնդրում եմ, ձեր արժանապատվության և երկրի վարկի մասին: Բայց եթե նույնիսկ իշխանությունները փորձում են «տղա բերել», դուք, հարգարժան քաղաքացիներ, լուրջ մի ընդունեք այդ փորձերը, բանավեճի մեջ մի մտեք: Հետաձգենք Ռուսաստանի թեման ավելի հանդարտ ժամանակների համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր