«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում արցախցի երաժիշտներն արժանացել են «Գրան-պրի»-ի
Գյումրիում տեղի ունեցած «Վերածնունդ» միջազգային 10-րդ ամենամյա մրցույթ-փառատոնին այս տարի Արցախից մասնակցել է 49 երաժիշտ, որից 32-ն գրավել են մրցանակային տեղեր:
Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/84638/veratsnund-mijazgayin-mrcuyt-paratonum-----arcakhci---erazhishtnern----arzhanacel--en----gran-pri-i.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի պետ Ապրես Մարգարյանը:
Նա նշել է, որ մրցանակային տեղեր գրավածներից 8 հոգի գրավել է առաջին տեղ, 15-ը՝ 2-րդ, 6-ը՝ 3-րդ, 1 հոգի էլ` 4-րդ: Իսկ Շուշիի Դանիել Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոցի սաներ՝ Արևիկ Պողոսյանն ու Մարատ Մուսայելյանը, (դասատու Նելլի Սարգսյան) հանդես գալով դաշնամուրային դուետով արժանացել են «Գրան-պրի»-ի:
Նրա խոսքով՝ արցախցի սաները հանդես են եկել դաշնամուրի, դասական, էստրադային և ազգային երգեցողության, դդուկի, շվիի, շեփորի, կլարնետի, սաքսոֆոնի, ակորդեոնի, քանոնի, շեփորի անվանակարգերում:
Ա. Մարգարյանն ընդգծել է, որ տարեցտարի ավելանում են, ինչպես «Վերածնունդ» միջազգային փառատոնի արցախցի մասնակիցների, այնպես էլ մրցանակային տեղեր գրավածների թիվը:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան Արցախում և Հայաստանում:
Նշենք, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 5-ին տեղի է ունեցել «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին: