211652_close_icon
views-count6375 դիտում article-date 12:47 14-04-2018

Հավատը ատամնացավ բուժելու համար չէ, ոչ էլ «հաջողության» հասնելու համար. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մեր իրականության մեջ թացն ու չորն այնքան են իրար խառնված, որ երբեմն դրանք տարանջատելու անհրաժեշտություն է առաջանում, որովհետև, ըստ գիտնականների (ոչ բրիտանացի), ցանկացած մարդու ուղեղ կարող է տեղեկատվությունն ընկալել երեք եղանակով․ 1/ եթե տեղեկատվությունը չափից դուրս պարզ է, մենք այն արհամարհում ենք, 2/ եթե տեղեկատվությունը մեզ համար չափից դուրս բարդ է, մենք հակված ենք այն պարզեցնել, 3/ եթե տեղեկատվությունը, մեր կարծիքով, մեզ համար որևէ վտանգ է ներկայացնում, մենք կանգնում ենք երկընտրանքի առջև՝ խփել կամ փախչել, մտնել կռվի մեջ կամ խուսափել դրանից։ Թեմայի համատեքստում մեզ հետաքրքրում է երկրորդ տարբերակը՝ բարդ բաները պարզեցնելու մեր ուղեղի ունակությունը։ Հատկապես համացանցում, որտեղ ակնհայտորեն առկա է շտապողականությունը, տեղեկատվության մակերեսային հայացք գցելուց հետո պարտադիր կարծիք հայտնելը, հասարակական, քաղաքական երևույթները պարզեցվում են, և այն, ինչ պահանջում է լուրջ խոհեր ու տքնաջան աշխատանք․ ներկայացվում է որպես պարզ, «մեկ քայլանոց կոմբինացիա»։ Բայց եթե քաղաքականության մեջ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան ներկայացվում է, ապա հավատի, ընդհանրապես հոգևոր կյանքում առավել ևս սխալ է, ինձ թվում է, երևույթներին մոտենալ՝ պարզունակ դատողություններ անելով, ամեն ինչ մի «բոխչայի» մեջ հավաքելով։ Եվ այստեղ է, որ պետք է զանազանել թացն ու չորը։ Մասնավորապես, այն, որ ներկայիս կաթողիկոսը և մի շարք բարձրաստիճան հոգևորականներ իշխանական օլիգարխիայի «սովորական» ներկայացուցիչներ են, նույնքան արծաթասեր և չտես, դեռևս հիմք չէ աթեիստ լինելու համար։ Ավելին՝ հիմք չէ Հայ առաքելական եկեղեցին չհարգելու համար։ Չնայած ռուս մեծ գրող Լև Տոլստոյը պնդում էր, որ կարելի է հավատալ՝ չշփվելով «պաշտոնական» եկեղեցու ներկայացուցիչների հետ, անձամբ ես դեմ եմ նման արմատականությանը՝ մենք ունենք բազմաթիվ արժանի հոգևորականներ, հիմնականում «շարքայինների» մեջ։ Եվս մի «ջրբաժան», որը գուցե կօգնի խուսափել իրերը չափից դուրս պարզունակ ներկայացնելուց։ Եթե մարդը հավատացյալ է, դա չի նշանակում, որ նա հավատում է, իբր ատամնացավը հնարավոր է բուժել աղոթքներով կամ աղոթած ջրով։ Հավատը ատամնացավ բուժելու համար չէ, ոչ էլ քաղքենիական ստանդարտներով «հաջողության» հասնելու համար։ Հավատով տրված հաջողություններն այլ ոլորտից են»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր