211652_close_icon
views-count7856 դիտում article-date 19:57 13-04-2018

Կրկին կոչ ենք անում հետևել ՀՀ Սահմանադրությանը, խուսափել քրեական տարրեր պարունակող գործողություններից. ԵՊՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Մի քանի օր շարունակ ԵՊՀ-ում փորձ է արվում սադրանքներ իրականացնելու, սակայն բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել անկառավարելի վիճակից, ինչպես նաև չխաթարվեց բնականոն դասապրոցեսը։ Բայց այսօր՝ ժամը 15.30-ի սահմաններում, մոտ 120-130 հոգի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին ԵՊՀ տարածք՝ թմբուկներով և գոռոցներով պարալիզացնելով բուհի բնականոն գործունեությունը։ Հասկանալով, որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ ԵՊՀ անվտանգության աշխատակիցները փակել են մասնաշենքերի դռները, սակայն ակցիայի մասնակիցներին սկզբում հաջողվել է մտնել Քիմիական ֆակուլտետ և մասնաշենքի ներսում բարձրախոսներով ու թմբուկներով խաթարել բնականոն գործունեությունը։ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ ներկայացուցչին ասել է, որ ուզում է հանդիպել ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով, իմանալով ԵՊՀ տարածքում տեղի ունեցող գործողությունների մասին, կիսատ է թողել հեռուսաեթերը և վերադարձել է իր աշխատասենյակ։ Հանդիպման առաջարկը պարոն Ա. Սիմոնյանը ընդունել է՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը աշխատասենյակ պետք է բարձրանա մենակ։ Փաշինյանը սկզբում մերժել է առաջարկը, ապա ասել, որ համաձայն է, սակայն ներս մտնելու ժամանակ ԱԺ պատգամավորի կողմնակիցները ջարդելով Կենտրոնական մասնաշենքի բռնակը, անվտանգության աշխատակցի մատը և նույնիսկ ոտքի տակ տալով իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ներխուժել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենք։ Ակցիայի մասնակիցները, թմբուկ խփելով, գոռալով և քաղաքական կոչեր հնչեցնելով, բարձրացել են 5–րդ հարկ։ Ռեկտորի աշխատասենյակի նախասրահի միջանցքում Նիկոլ Փաշինյանը նորից է կրկնել Արամ Սիմոնյանի հետ հանդիպելու իր ցանկությունը, սակայն ստացել է նույն պատասխանը. հանդիպումը կարող է լինել միայն առանձնազրույց։ Ստանալով մերժում, քանի որ ակցիայի մասնակիցները լիովին անկառավարելի էին դարձել, Նիկոլ Փաշինյանը հեռացել է։ Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք պաշտոնական հայտարարություններում և գործունեության ընթացքում, կրկին կոչ ենք անում քաղաքական հետաքրքրություն ունեցող բոլոր քաղաքացիներին՝ -Քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, -Գիտակցել, որ գտնվելով ԵՊՀ տարածքում պետք է հարգել ուսումնական և գիտական աշխատանքով զբաղվող ՀՀ քաղաքացիների իրավունքները, -Խուսափել քրեական տարրեր պարունակող գործողություններից: [b]Երևանի պետական համալսարան-YSU[/b]

Նմանատիպ նյութեր