211652_close_icon
views-count20242 դիտում article-date 13:10 11-04-2018

«Ելք»-ի ՔՊ անդամ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում գունավոր ծուխ բաց թողեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր «ծխային շոու» իրականացրեցին: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում ելույթի համար գրանցվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Իր ելույթի ընթացքում Արարատ Միրզոյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը: «Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը: Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը: «Շոուն ոնց որ թե չստացվեց, դռները բացեք նորմալ աշխատենք»,- հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այնուհետև «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել՝ մինչև դահլիճում տարածված ծուխը կանցնի: «Պարոն Գորգիսյան, դուք և ձեր խմբակցությունը: Ի՞նչ ընդմիջում: Ընդմիջումը քվեարկություններից առաջ և հետո կարող եք վերցնել: Շարունակում ենք աշխատանքը: Պարզապես թող հանրությունը որոշի, թե խորհրդարանում ով ինչով է զբաղված»,- արձագանքեց Շարմազանովը: Իրավիճակին արձագանքեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հարգելի գործընկերներ, մենք այս պահին քննարկում ենք մի նախագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիներին, նրանց անդորրը, նրանց անվտանգությունը, և մենք ականատես ենք լինում մի երևույթի, որը նախևառաջ հրդեհի վտանգի է ենթարկում Ազգային ժողովի շենքը, երկրորդը՝ թունավոր նյութեր շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորների մոտ, ովքեր հիմա այստեղ աշխատում են: Ես հիմա հանդես եմ գալիս ոչ միայն որպես Ազգային ժողովի նախագահ, այլ նաև որպես քաղաքացի և բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին և քաղաքացիներին դնեն այնպիսի պայմանների մեջ, որոնք կարող են վտանգել նրանց առողջությունը և կյանքը: Դուք պատկերացնում եք՝ եթե այստեղ հրդեհ լինի, 700 աշխատակից վտանգի մեջ կլինի: Ես այս արարքն անընդունելի եմ համարում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ է տալիս համապատասխան միջոցներ ձեռնարկել նման իրավիճակներում: «Սա մանկապարտեզ չի, Ազգային ժողով է»,- եզրափակեց Շարմազանովը: Տեսանյութը՝ «Արմենպրես»-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր