81556 դիտում
23:31 06-04-2018
Ողբերգական ավտովթար Սևանում. BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 72 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 47 RV 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերի, մոտ 72 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվածներից՝ Սևան քաղաքի Գործարանային փողոցի բնակիչ, 27-ամյա Յուրա Սիմոնյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Իսկ մյուս վիրավորը՝ Սևանի բնակիչ, 47-ամյա Ռադիկ Գրիգորյանը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի, Սևանի քննչական բաժնի պետ էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում զննություն են կատարում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանն ու քննիչ Արգիշտի Գրիգորյանը:
Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչ Ա. Գրիգորյանի որոշմամբ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում ևս մեկ հոգի է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+