5639 դիտում
15:01 05-04-2018
Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ ապրիլի 5-ի առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերություններին նրա նվիրվածության ու մշտական հոգածության, ձևավորված անկեղծ և ջերմ երկխոսության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում սա արդեն 5-րդ հանդիպումն է Նորին Սրբության հետ, ինչն ինքնին խոսուն է:
Նախագահը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ յուրաքանչյուր հանդիպում մեծագույն պատիվ է համարել և ջերմությամբ հիշել 2016թ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո Հայաստան կատարած նրա այցը, ինչպես նաև 2015թ. իր այցը Վատիկան և մասնակցությունը Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբության կողմից մատուցված պատարագին, որը պատմական դարձավ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսը և նա ճանաչվեց կաթողիկե եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը:
Նշելով, որ կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանում, մեծ սրբերի կողքին այսուհետ վեր է խոյանալու նաև հայ ժողովրդի զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը, որի բացմանն այսօր պատիվ կունենա մասնակցելու, Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին այդ որոշման համար և տեղեկացրել, որ արձանի մեկ օրինակ էլ տեղադրվելու է Հայաստանյայց Եկեղեցու հոգևոր կենտրոն Էջմիածնում: Այդպիսով, Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը, ըստ Նախագահի, դառնում են քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ:
Առանձնազրույցի ժամանակ Հանրապետության Նախագահը և Հռոմի Պապը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու զարգացնել և խորացնել Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները, սերտացնել երկու երկրների միջև առկա հոգևոր և մշակութային կապերը:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին նվիրել է Սուրբ Գայանե եկեղեցու արծաթե մանրակերտը: Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Նախագահին նվիրել է վատիկանյան թանգարաններում պահվող Սուրբ ընտանիքը պատկերող քանդակի մարմարե կրկնօրինակը, ինչպես նաև իր հեղինակած վերջին երեք գրքերի օրինակները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
3372 դիտում
19:29 12-04-2015
Նախագահը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ
7960 դիտում
20:00 26-06-2016
Տեղի է ունեցել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հրաժեշտի արարողությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1989 դիտում
17:29 12-04-2015
Նախագահը Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»