Հայաստանի խորհրդարանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համաձայնագրի քննարկումները կմեկնարկեն ապրիլի 9-ից
Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները համատեղ նիստում կքննարկեն Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։
Հանձնաժողովների համատեղ նիստը նախատեսված է ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին:
Համաձայնագրի հիմնական զեկուցողը կլինի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, հարակից զեկուցմամբ հանդես կգան Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Այս պահի դրությամբ ԵՄ երկրներից Համաձայնագիրն ամբողջությամբ վավերացրել է Էստոնիայի խորհրդարանը, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ: