2811 դիտում
10:51 03-04-2018
Անցած 2 տարում գրեթե ոչինչ չի արվել, բայց այդ ամենը պետք է վերլուծել առանց էմոցիաների. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երկու տարի առաջ Ադրբեջանը մի քանի ուղղություններով հարձակում սկսեց Արցախի Հանրապետության ուղղությամբ: Սկսվեցին ակտիվ մարտական գործողություններ, որոնք մենք հետագայում անվանեցինք «ապրիլյան պատերազմ»: Արդյունքում հակառակորդին չհաջողվեց էական առաջխաղացում ունենալ, իսկ հայկական կողմն ունեցավ մարդկային կորուստներ, վիրավորներ, ինչպես նաև կորցրեց մի քանի դիրք Մարտակերտի շրջանում և կարևոր ռազմավարական դիրք Արցախի հարավում:
Դրանք հայտնի փաստեր են, որոնք, կարծում եմ, ոչ ոք չի հերքի: Մնացածը քարոզչություն է, ընդ որում՝ երեք տեսակի. հայկական պաշտոնական, հայկական ընդդիմադիր և ադրբեջանական պաշտոնական: (Գուցե կա նաև ադրբեջանական ընդդիմադիր, բայց հաշվի առնելով հարևան երկրում հաստատված ռեժիմը՝ այդ ձայները բարձր չեն հնչում):
Հայկական պաշտոնական քարոզչություն՝ մենք ապրիլյան պատերազմում փայլուն հաղթանակ ենք տարել: Հայկական ընդդիմադիր քարոզչություն՝ մենք փամփուշտ չունեինք, արկեր չունեինք, զինվորները հագուստ չունեին, կոշիկ չունեին, իսկ տանկերի մեջ վառելիքի փոխարեն ջուր էր լցված, որովհետև ամեն ինչ գողացած էր:
Ադրբեջանական պաշտոնական քարոզչություն՝ մենք (այսինքն՝ նրանք) փայլուն հաղթանակ ենք տարել, ազատագրել ենք ադրբեջանական տարածքներ և վաղը կազատագրենք Ղարաբաղը, Զանգեզուրը և Երևանը:
Քարոզչության նպատակը, ինչպես հայտնի է, մարդկանց ուղեղները լվալն է: Այդ առումով Հայաստանում, մասնավորապես, արձանագրվել են «հսկայական հաջողություններ», և մեր հասարակության զգալի մասը հակված է հավատալ ցանկացած հեքիաթի՝ առանձնապես հաշվի չնստելով առողջ բանականության հետ. եթե ոչինչ չէր կրակում, եթե հրետանին ու տանկերը պարապության էին մատնված, ապա ի՞նչն է պատճառը, որ հակառակորդն առաջ չգնաց: Մի՞թե իսկապես բահերի կոթերով են հակառակորդին կանգնեցրել:
Ուրիշ հարց, որ մեր բանակը կարիք ունի ժամանակակից սպառազինության, ընդհանրապես՝ բարեփոխման, և այդ ուղղությամբ երկու տարում որոշ քայլեր արվել են: Ակնհայտ է նաև, որ բանակում կային և կան կոռումպացված սպաներ. նրանք սկզբում ազատվում են աշխատանքից, իսկ հետո վերականգնվում են, ոմանք էլ ուղարկվում են ՀԱՊԿ, այսինքն՝ այդ առումով երկու տարում գրեթե ոչինչ չի արվել: Բայց այդ ամենը պետք է վերլուծել հանգիստ, առանց էմոցիաների, վերլուծել մասնագիտական մակարդակով:
Բայց վատի կողքին պետք է ասել նաև լավը՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դրսևորվեցին մեր ժողովրդի լավագույն որակները:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12444 դիտում
10:18 30-09-2017
«Գնթունիք»-ի Կարենի թեկնածությունը հաստատվել է առանց էմոցիաների. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10513 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am