211652_close_icon
views-count4561 դիտում article-date 19:22 31-03-2018

Տարոն Մարգարյան. Անելու ենք առավելագույնը, որպեսզի վերականգնենք ու ավելացնենք Երևանի կանաչ տարածքները

Մարտի 31-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին, ավանդույթի համաձայն մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ծառատունկի շրջանակում շուրջ 400 տնկիներով համալրվել է նաև Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ծառատունկի բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետարանի նախաձեռնությանը մեծ սիրով արձագանքելու և հրավերն ընդունելու համար ու նկատել, որ այսպիսով դեսպաններն ապացուցում են, որ արդեն 2800-ամյա Երևանը հարազատ է նաև նրանցից յուրաքանչյուրի համար: «Վերջին մի քանի տարիներին Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությունը գարնանային ծառատունկին, իրոք, բարի ավանդույթ է դարձել: Օգտվելով առիթից, իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր բոլոր այն համաքաղաքացիներին ու պետական և հասարակական տարբեր կազմակերպություններին, որոնք սիրով միացել են այսօր մայրաքաղաքում հայտարարված ծառատունկին և շաբաթօրյակին», - նշել է քաղաքապետը: Պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնումը վերջին մի քանի տարիներին ծրագրային առաջնահերթություն է դարձել, որի կյանքի կոչման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: «Վերջին տարիներին մենք այն հատվածներում ենք ծառատունկն իրականացնում, որտեղ ունենք ոռոգման համակարգ, ինչն էլ հնարավորություն է տալիս ապահովել կպչողականություն ու իրականացնել հետագա խնամքը: Նախորդ տարի ևս մենք այստեղ ծառատունկ իրականացրեցինք և այսօր տեսնում եք, որ 95% կպչողականություն ենք ապահովել: Սա քաղաքային տնտեսության այն ճյուղերից է, որում գրանցված հաջողությունները որքան էլ շոշափելի լինեն, միևնույն է մեզ չպետք է բավարարեն ու ամեն անգամ պետք է անենք հնարավորը, որ առավելագույնս ավելացնենք մեր քաղաքի կանաչ տարածքները: Երևանի հիմնադրման հոբելյանական այս տարին, անշուշտ, կառանձնանա այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով: Ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում շուրջ 10 հեկտարով կավելանա մայրաքաղաքի նոր ու բարեկարգված կանաչապատ հանգստի գոտիների ծավալը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Ծառատունկին մասնակից ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն էլ իրենց հերթին են նշել, որ յուրաքանչյուր տարի մեծ սիրով են միանում Երևանում հայտարարված ծառատունկին: Նրանք նաև նկատել են, որ այս նախաձեռնությունն ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով, ինչը հնարավորություն է տալիս իրենց սերն ու հոգատար վերաբերմունքն արտահայտել 2800-ամյա Երևանի հանդեպ:

Նմանատիպ նյութեր