8603 դիտում
13:27 29-03-2018
Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք` Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա, Յուղի օրհնություն
Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ որպես Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, այնուհետև մատուցվում է Սուրբ պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն, որին հաջորդում է Յուղի օրհնությունը:
Հիսուս Քրիստոսը վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Հենց այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, և 1 մեծ մոմ՝ կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Զատկից առաջ՝ Բաղարջակերաց տոնին, Հիսուսն առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը, որը Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքն էր խաչելությունից առաջ: Հին Ուխտում Զատկի տոնը հաստատվել էր ի հիշատակ եգիպտական գերությունից հրեա ժողովրդի ելնելու:
Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսը վերցնում է հացը, օրհնում և կիսելով տալիս աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»: Այնուհետև գինու բաժակն է տալիս՝ ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»:
Սբ Պատարագի ժամանակ, ինչպես Վերջին ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ Մարմնի և Արյան: Հաղորդությունը Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի: Հաղորդվել նշանակում է միանալ, միավորվել Աստծու հետ: Հաղորդություն ստանալու համար պետք է անպայման մկրտված լինել, զղջալ և ապաշխարել գործած մեղքերի համար:
Նմանատիպ նյութեր
7173 դիտում
10:31 02-04-2015
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում