1927 դիտում
18:56 18-04-2019
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգը:
Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Միջօրեի ժամերգությունը և Սուրբ Պատարագի արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, ով Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:
Նույն օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ս. Գայանե վանքում կատարվեց Ոտնլվայի արարողությունը:
Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացվեցին օրվա սուրբգրային ընթերցվածքներն ու ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Պլուզ Երզնկացու «Սիրո մասին» խրատը:
Այնուհետև Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվեցին խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:
Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններից Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը, Բարեշնորհ Հրաչ սարկավագ Սուլթանյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սան Բարեշնորհ Մեսրոպ սարկավագ Հովհաննիսյանը և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Միլիտոնյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից օրթոպեդ-վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանը, զինծառայող շարքայիններ Արթուր Համբարձումյանը և Սևակ Առվոյանը, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Նարեկ Յազյանն ու Հովհաննես Պաբլոյանը, Մարսելի համազգային դպրոցի սան Մունգալ Մատթեոսը և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտ Սարգիս Քեշիշյանը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Ոտնլվային ներկա էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերար հայորդիներ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի (Արգենտինա) մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1468 դիտում
21:28 26-05-2022
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան