211652_close_icon
views-count2227 դիտում article-date 20:30 21-03-2018

Հայ-Ռուսական համալսարանում կայացել է Հայաստանում առաջին «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ-Ռուսական համալսարանում այսօր՝ մարտի 21-ին, կայացել է Հայաստանում առաջին «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ճապոնական ժողովրդին և Ճապոնիայի կառավարությանը՝ Կենտրոնի ստեղծման հարցում ցուցաբերած աջակցության համար: «Մեր համալսարանը երևի առաջնեկն է մեր երկրում ճապոնագիտության՝ որպես ակադեմիական ծրագրի ներդրման հարցում: Ես այսօր հպարտանում եմ, որ մեր համալսարանի պատերի ներսում հնչում է ճապոներենը: Ես մեծապես համոզված եմ մեր երկու գեղեցիկ ժողովուրդների միջև կապերի, համագործակցության, մշակութային՝ այդ թվում նաև բիզնեսի ու գիտության համագործակցության մեծ ապագային, և ես հավատում եմ այդ ապագային»,-նշել է նա: Կենտրոնը ստեղծվել է Ճապոնիայի ԱԳՆ «Դրամաշնորհային օժանդակություն ֆունդամենտալ մշակութային ծրագրերին» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան անմիջական օգնությամբ: «Երբ երեք տարի առաջ նշանակվեցի դեսպան ինձ համար առաջնահերթ խնդիր դրեցի, որ Հայաստանում լայն տարածում գտնի ճապոներենի ուսուցումը: Կարծում եմ, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր է տիրապետել այդ երկրների լեզուներին: Ես հուսով եմ, որ այս կենտրոնի շնորհիվ Դուք նոր և որակյալ կադրեր կաճեցնեք, որոնք հետագայում նպաստելու են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը», - ասել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային պատմություն և արտասահմանյան տարածաշրջանագիտություն ամբիոնում 2009թ.-ից սկսվել է ճապոներենի ուսումնասիրությունը: Այդ տարիների ընթացքում ճապոներեն լեզվի բաժինը ունեցել է 15 շրջանավարտ, իսկ այս պահին բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում է 28 ուսանող: Իր հերթին Հայաստանում ճապոներենի ուսուցման հիմնադիր և ՀՌՀ-ում ճապոներենի դասախոս Կարինե Քարամյանը հայտնել է, որ կենտրոնի բացման հետ մեծ հույսեր է կապում: «Մենք այսուհետ կկարողանանք այս նորագույն նյութատեխնիկական բազայի վրա կիրառել նոր մեթոդներ, քանի որ արդեն ունենք համապատասխան սարքավորումներ: Բացի այդ՝ հեռակառավարման նորագույն համակարգի շնորհիվ այս սենյակից կկարողանանք ուղիղ կապ հաստատել այլ համալսարանների հետ» - ընդգծել է նա: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր