211652_close_icon
views-count3892 դիտում article-date 11:32 21-03-2018

Զանգվածաբար ինքնահռչակում են որպես քրիստոնյա, մնալով խորապես անհավատ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանը կրկին դասվել է այն երկրների շարքին, որտեղ ահավոր շատ են հավատացյալները, նախկին խորհրդային տարածքում՝ ամենաշատը: Չգիտեմ` ինչպե՞ս են հաշվում հավատացյալների թիվը: Սոցիոլոգիական հարցում են անցկացնում, և մարդիկ հայտնում են իրենց՝ հավատացյալ լինելու մասի՞ն: Բա որ խաբե՞ն: Մի բան է, երբ մարդը պնդում է, որ ինքը հավատացյալ է, մեկ այլ բան, երբ նա իսկապես փորձում է հետևել Աստծո պատվիրաններին: Կամ գուցե հաշվվում է եկեղեցիների «խտությունը» տվյալ երկրի տարածքում: Բայց այստեղ էլ չի կարելի վստահ լինել, որ դա հավատի դրսևորում է: «Ռուսաստաններում» հարստացած մարդն իր հայրենի գյուղում մատուռ է կառուցում, նրա փառասիրական զգացմունքներն այդպիսով բավարարվում են, համագյուղացիներն ասում են՝ «վախ, դու մեր թագավորն ես»: Արդյո՞ք դրանից կարելի է եզրակացնել, որ այդ «բարերարը» և նրան գովերգողները հավատացյալ են: Փոխարենը ես առաջարկում եմ մեկ այլ մտափորձ կատարել: Ենթադրենք, Հայաստանի դատարաններում ցուցմունք տալուց առաջ մարդկանց ստիպելու են երդվել Աստվածաշնչի վրա՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ, բացի ճշմարտությունից: Աստվածաշունչը կօգնի՞ մեր «աստվածավախ» ազգի ներկայացուցիչներին՝ չտալ սուտ վկայություն: Ոչ, հայաստանցիների մեծ մասը ստելու է այդ երդումը տալուց հետո՝ առանց կարմրելու և աչքը թարթելու (և, ի դեպ, ստելու համար բազմաթիվ արդարացումներ գտնելով): Իսկ եթե նույնը արվի, ասենք, Էստոնիայո՞ւմ, որտեղ, ըստ հարցումների, հավատացյալները զգալիորեն քիչ են: Վստահ եմ, որ ստախոսների տոկոսն այնտեղ ավելի քիչ է լինելու: Ինձ թվում է՝ սա հավատի ավելի լավ ցուցիչ է, քան քրիստոնյա ինքնահռչակվելը, երեխաներին կնքելը կամ եկեղեցի կառուցելը: Այս 25 տարում Հայաստանում շատերը «բացահայտվեցին» իբրև քրիստոնյա՝ առանձնապես չգիտակցելով, թե ինչ է դա նշանակում: Այնինչ շուկայական հարաբերությունների անցնելն ուզես-չուզես նշանակում է, որ ավելի ուժեղ կամքով, ավելի նպատակասլաց, միջոցների մեջ հաճախ խտրականություն չդնող մարդիկ հարաբերական «հաջողության» հասնելու ավելի մեծ շանսեր ունեն: Այդ անցումը պետք է զուգակցվեր հոգևոր «ամորտիզացիայով»: Բայց դա տեղի չունեցավ, և «հոգևորը» հաճախ արտահայտվում է ցուցամոլության, երեսպաշտության մեջ: Հոգևորականությունը, իսկ ավելի լայն իմաստով՝ մտավորականությունը, չդարձավ այն ուժը, որը կլուսավորեր մարդկանց, կբացատրեր, որ բացի այդ դաժան բարքերից ու «հաջողության» ձգտումներից, կա մի ուրիշ աշխարհ՝ ավելի կարևոր արժեքներով: Իսկ բարձրաստիճան հոգևորականներից ոմանք ապրում են այդ՝ ջունգլիների օրենքներով: Արդյունքում մարդիկ իրենց զանգվածաբար ինքնահռչակում են որպես «քրիստոնյա»՝ իրականում մնալով խորապես անհավատ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր