Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պատրաստ չէր Կրամնիկի հզոր սկզբնախաղին
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով պարզապես ջախջախիչ պարտություն կրեց ռուսաստանցի շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից: Վերջինս մեծ վարպետությամբ հենց սկզբնախաղում ոչ ստանդարտ քայլերով դժվարին խնդիրներ առաջացրեց հայ շախմատիստի համար, որոնք Արոնյանն այդպես էլ չկարողացավ հաղթահարել և ըստ էության, արդեն 17-րդ քայլում պարտված դիրք ուներ: Արոնյանը անձնատուր եղավ 27-րդ քայլում: Պետք է արժանին մատուցել Կրամնիկին. փայլուն և բացառիկ գեղեցիկ հաղթանակ էր:
Տուրի մյուս պարտիաները ավարտվել են ոչ-ոքի: Կարուանա - Մամեդյարով մրցամարտը դեռ շարունակվում է, սակայն ամերիկացի գրոսմայստերը արդեն բաց է թողել հաղթանակի լավ հնարավորությունը և մեծ հավանականությամբ, այս պարտիան էլ կավարտվի ոչ-ոքի:
3 տուրից հետո Արոնյանը վաստակել է 1 միավոր: Կրամնիկը 2,5 միավորով դարձավ միանձնա առաջատար: